Հետաքրքիր փաստեր՝ Դոնալդ Թրամփի մասին

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում հիշյալ գրքից մեջբերումներ է արել միլիարդատեր գործարար, այսօր արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափին վերաբերող հատվածներ: Վ. Դիլբարյանը գրում է.

«Այսօրվա հերոսի մասին լիքը խոսվեց, բայց հիմա կներկայացնեմ փաստեր, որոնք դժվար թե այսօր կարդացած լինեք ֆբ-ում՝

* Երբ Օփրահ Ուինֆրին 1988 թվականին Թրամփին հարցնում է, թե չեք ուզում արդյոք լինել ԱՄՆ նախագահ, վերջինս պատասխանում է․
-Եթե նման մտադրություն ունենամ, ապա հաստատ չեմ պարտվի։
Ու չպարտվեց։

* Թրամփի խոսքերից – Կարիերա ստեղծելու համար շատ եղանակներ կան: Բայց ամենապարզը ճիշտ ընտանիքում ծնվելն է: Եվ իսկապես, նրան ոչ ոք աշխատանքի չի ընդունում և միայն հոր մոտ աշխատելուց հետո է սկսում հաջողությունները։

* Թրամփի նախագծերից մեկը Trump Tower-ն էր հինգերորդ ավենյուում` Նյու Յորքի կենտրոնում: Հետաքրքիր է, թե ինչպես էր Թրամփն այս տեղանքն ընտրել: Ըստ նրա, այդ տեղն ընտրելու երկու պատճառ ուներ՝

– Լինել Tiffany խանութի դիմաց, քանի որ դրա ղեկավարությունն իր խանութի համար ընտրում է քաղաքի ամենալավ տեղը:
– Այդ խանութի կողքով միշտ ունևոր մարդիկ են անցնում:

* Ահա թե ինչպես է տեղի ունեցել Trump Castle-ի ձեռքբերումը: Պատմում է Թրամփը.

-Ատլանտիկ Սիթիում մի հիանալի տարածք ձեռք բերեցի: Ես մաս-մաս էի գնել այդ տարածքը, ուստի մինչև ամբողջությամբ չգնեցի, մեծ գումարներ չներդրեցի: Անգամ այն պահին, երբ տարածքն ամբողջությամբ ինձ էր պատկանում, ոչ մի կառուցապատում չսկսեցինք, քանի որ… որոշեցի նախապես այդ նահանգի նահանգապետից խաղային բիզնեսի թույլտվություն ստանալ: Այդ դադարն ինձ համար ծախս էր, բայց որևէ նախագծից առաջ պետք է փակեմ բոլոր խոցելի տեղերը: Ես կորցրի ժամանակը, բայց դրա փոխարեն նվազեցրի ռիսկերը, այսինքն` պայքարն անօրինական բիզնեսի դեմ:

Այդ ընթացքում Holiday Inn-ը գործակցելու առաջարկ ուղարկեց: Առաջարկում ասվում էր, որ պատրաստ է փակել իմ կատարած ծախսերը, իր միջոցներով կառուցել հյուրանոց ու խաղատուն և իր վրա վերցնել կորուստները 5 տարվա ընթացքում: Ես ընտրության առաջ էի կանգնած` կամ ամեն ինչ ինքս էի անում և ստանում էի 100% շահույթ, կամ էլ Holiday Inn-ը ռիսկերի առյուծի բաժինը և ծախսերը վերցնում էր իր վրա, և շահույթը կիսում էինք: Պարզ էր, որ ընտրեցի երկրորդ տարբերակը, քանի որ երբեմն պետք է կիսել եկամուտը, բայց ապահովագրվել խնդիրներից ու կորուստներից:

Իսկ ի տարբերություն իմ մոտեցմանը՝ մրցակիցներիցս մեկը՝ Բերըն Հիլթոնը, այլ տարբերակ ընտրեց: Նա գնեց ոչ այնքան բարենպաստ տարածք և սկսեց կառուցումը՝ միաժամանակ դիմելով լիցենզիա ստանալու համար: Նա ներդրեց 400 մլն դոլար կառուցման համար, և խաղատան ու հյուրանոցի բացումից երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ նահանգի ղեկավարությունը հրաժարվել է լիցենզիա տրամադրել: Ստիպված տարածքը էժան գնով վաճառեց ինձ: Հետագայում ես լիցենզիա ստացա և տարածքը վերանվանեցի Trump Castle: Ահա թե շտապողականությունն ու անհեռատեսությունը ինչ դաժան արդյունք են ունենում:

* Ես ունեի մի լավ ու պատասխանատու աշխատակից, ով անընդհատ կրկնում էր, որ չի կարողանում ելույթ ունենալ մարդկանց առջև: Մտածում էի` առանց փորձելու ինչպե՞ս է նա համարձակվում այդպիսի արտահայտություն անել: Մի քանի ամիս հետո պետք է հանդիպման գնայի, բայց որոշ խնդիրների պատճառով չգնացի և իմ փոխարեն այդ աշխատակցիn ուղարկեցի: Երբ իմացավ, որ պետք է ելույթ ունենա, հրաժարվեց՝ ասելով, որ մարդկանց առաջ ինքը ելույթ չի ունենում: Ասացի՝ այս պահից սկսած դու արդեն մարդկանց առջև պետք է ելույթ ունենաս: Մեր զրույցն ավարտվեց: Որպես արդյունք, նա հիմա հիանալի հռետոր է: Ես գիտեմ, թե ինչպես կարող են մարդիկ բացահայտել իրենց թաքնված հնարավորությունները, պարզապես պետք է պատասխանատու հանձնարարություններ տալ:

* Յուրաքանչյուր ապրանք գնելիս բանակցեք, ես միշտ այդպես եմ անում, դրա համար էլ համարվում եմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ընդ որում, ես բանակցում եմ բոլոր թանկ խանութներում, քանի որ հստակ գիտեմ՝ նրանք չեն ցանկանում ինձ կորցնել, իսկ ես որքան հնարավոր է պիտի գին իջեցնեմ: Խելագարվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ վճարում գնապիտակի վրա նշված գումարը: Այցելում եմ թանկ խանութ ու առաջարկում եմ 2000 դոլար 10.000 դոլարանոց ապրանքի դիմաց: Հենց այս միջոցով կորզում եմ զգալի զեղչեր, ահա և լավ գործարքի գաղտնիքը»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել