Ճանապարհային երթևեկության, ծանուցման և տուգանքների համակարգերը վերանայվում են վարչապետի նոր հանձնարարականներով

Երեկ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել էր ճանապարհային երթևեկության և տուգանքների խնդիրը: Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այս կապակցությամբ գործադիրի անդամներին համապատասխան հանձնարարականներ տվեց:

Նա հանձնարարեց ՀՀ ոստիկանության պետին, ներգրավվելով Ֆինանսների և արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ ու մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որոնց արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույները, այդ թվում` ֆինանսական հոսքերի կառավարումն պետք է անցնեն պետությանը:

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր «Փարքինգ սիթի սերվիս»-ին, քաղաքապետը պետք է բանակցություններ վարի ու քայլեր ձեռնարկի, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված ընկերության գործառույները, այդ թվում` ֆինանսական հոսքերի կառավարումն պետք է անցնեն պետությանը:

Բացի այդ Կարեն Կարապետյանի նոր հանձնարարականով մինչև նոյեմբերի 30-ը ՀՀ ոստիկանության պետը պետք է ներկայացնի ճանապարհային ոստիկանության համակարգի բարելավման համակարգ: Հանձնարարականը վերաբերում էր նաև ավտոկայանատեղիների համակարգին:

Հաջորդ հանձնարարականը ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձումներին էր առնչվում, բացի այդ գործադիրի ղեկավարը ԱՆ-ին և ոստիկանությանը հանձնարարեց վարչական տույժերի վերաբերյալ քաղաքացիներին ծանուցող համակարգերը կատարելագործել:

Վերջում Կարեն Կարապետյանը, դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ասաց, որ գործադիրի անձնակազմը հնարավորինս շատ պետք է ներգրավվի այս հանձնարարությունների կատարմանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել