Թիվ ՎԴ/0477/05/15 վարչական գործով 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն անդրադարձել է անգործունակճանաչված անձի կողմից իր նկատմամբ խնամակալ նշանակելու վերաբերյալ որոշման դատական կարգով բողոքարկման իրավական հնարավորությանը, ինչպես նաև բացահայտել է անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարաբերություների և անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու որոշման բնույթը:
Պալատը, մասնավորապես, գտել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը հանդիսանում է վարչական մարմին, իսկ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումը՝ վարչական ակտ, հետևաբար այդպիսի որոշման վիճարկումը պետք է իրականացվի վարչական դատավարության կարգով: Անդրադառնալով անգործունակ ճանաչված անձի կողմից իր նկատմամբխնամակալ նշանակելու վերաբերյալ որոշման դատական կարգով բողոքարկման հնարավորությանը՝ պալատը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետում «շահագրգիռ անձ» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ անգործունակ ճանաչված անձը ևս հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկելու իր նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկելու նշված գործերով կայացված դատական ակտերը։