Համալիրը բեռ չլինելու համար պետք է ունենա հմուտ կառավարիչ

Այսօր կառավարության նիստին Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ պետք է շուրջ 1 միլիոն դրամ հատկացվի այս հիմնարկին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պահպանման ծախսերը հոգալու համար:

Նախագծի հիմնավորումների մեջ նշվում է,  1,040,900.8 հազ.դրամ գումարի հատկացումը իրականացնել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից 100,447.1 հազ.դրամը կուղղվի առաջնահերթ պահանջների բավարարմանը, իսկ մնացած 940,453.7 հազ.դրամ գումարն ամբողջությամբ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե` որպես ԱԱՀ: Գույքը ձեռք բերելուց հետո Վարչությունը գույքը անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հարցը ներկայացվելուց հետո վարչապետը որոշակի հարցեր տվեց համալիրի գործունեության, կառավարիչների լիազորությունների վերաբերյալ. «Ես հասկանում եմ, որ այն բեռ է և դրա հետ կապված բիզնես միջավայր ստեղծելը բարդ է»,- ասաց վարչապետը և հավելեց, որ պետք է գտնել կառավարիչ, որը  կկարողանա բիզնես սկսել, շահույթ ստանալ և հարկեր վճարել. «Ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, փող աշխատի, մեզ հարկ տուր»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի կառավարությունը Համալիրը վաճառել էր ԱՄՆ-ում ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Վահագն Դինո Ավադիսյանին: Եվ միայն Իրավաբան.net-ի հետևողական աշխատանքի արդյունքում հայտնի դարձավ, որ առուվաճառքի պայմանագիրը չեղյալ է համարվել՝ պատճառաբանելով, թե պայմանագրով սահմանված գումարը չի վճարվել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել