Կառավարության նիստը քիչ առաջ սկսվեց՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ:
Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, Կարեն Կարապետյանը երկու հանձնարարական տվեց.
«Շատ է խոսվում հանրության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ ուղղությամբ ստեղծվում են հանձնաժողովներ, տարվում են կոորդինացնող աշխատանքներ: Բայց այս պահին ես ուզում եմ ՊԵԿ-ին հանձնարարել, որ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները, անվերապահ կատարեն հարկերի կատարումը, սակայն հարկային ստուգում իրականացնել բացառապես ռիսկային համարվող ընկերություններում, ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ դեպքում:
Դուք պետք է կատարեք հարկերի հավաքագրումը առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, որևէ ստուգում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը»,- ասաց վարչապետը:
Անդրադարձավ սոցիալական ոլորտին, հանձնարարելով ՀԾԿՀ-ին, էներգետիկայի նախարարությանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել ու ներկայացնել առաջարկություններ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ: «Սոցիալապես անապահով խավերի համար մաքսիմալ նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել առանձին սակագին բիզնեսի որոշ ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերամշակող արտադրության համար, և այս ամենը ոչ ի հաշիվ բյուջեի»,- ասաց վարչապետն ու անցավ օրակարգին:
Իրավաբան.net