Տագնապ Երևանի № 19 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 6-ին Ն.Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում ուսումնական հաստատությունում» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի պլանի` դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել՝ մոտավորապես 50 մ2 մակերեսով: Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 470 աշակերտների և 45 ուսուցիչների, սակայն աշակերտներից 6-ն արգելափակվել են մասնաշենքի վերին հարկերում՝ անհրաժեշտ է ճիշտ և արագ կազմակերպել երեխաների անվտանգ տարհանումը:

Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը:

Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ մարտական հաշվարկն անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները:

Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և արգելափակված աշակերտների տարհանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ինքնափրկման գործողություններ:

Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար կազմի գործնական հմտությունները, կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևան քաղաքի փրկարարական վարչության ՀՓՋ-ների անձնակազմերի գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների՝ կատարելագործել Նիկոլ Աղբալյանի անվան №19 հիմնական դպրոցի անձնակազմի կողմից արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարհանման գործողությունների իրականացման հմտությունները:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանը բարձր գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև՝ պատրաստել երեխաներին և ուսուցիչներին արագ կողմնորոշվելուն ու ճիշտ գործելուն:

-Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում պարբերաբար կազմակերպվում են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ հանրակրթական հաստատություններում՝ նպատակ ունենալով դաստիարակել երեխաների մոտ պատրաստվածությունն ու ճիշտ քայլերի հերթականությունը: Յուրաքանչյուր դպրոցում վեց ամիսը մեկ կազմակերպվում են նմանատիպ վարժանքներ և հիմա կարող ենք նշել, որ թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ երեխաներն արդեն բավական զգոն են, որն էլ մեր գլխավոր նպատակն է, – նշեց Ա. Արշակյանը:

Իսկ Ն. Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները երկուստեք արդյունավետ են և ցանկալի.

-Դպրոցում բարձր դասարանցիների հետ արդեն ունեցել ենք այսպիսի միջոցառում, իսկ այսօր արդեն փոքրերի հետ կազմակերպվեց վարժանք, քանի որ, շատ ժամանակ, արտակարգ իրավիճակում գիտելիքների բացակայության պատճառով տուժում են հենց երեխաները: Այսպիսի ուսումնավարժանքը նրանց և՛ դաս էր, և՛ հմտություն, որը երկար կհիշեն մեր սաները:

ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանն ուսումնավարժանքից հետո ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանին զեկուցեց ուսումնական պլանով նախատեսված հրդեհաշիջման և փրկարարական բոլոր աշխատանքների ավարտի մասին:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել