Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը կարևոր իրազեկում է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում.
«Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ ոստիկանության ղեկավարության անմիջական հսկողությամբ 2012 թվականից սկիզբ առավ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ գործերով բարեփոխումները, որոնց պարբերաբար անդրադարձել ենք:
Բարեփոխումներից մեկն է բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներ ուղարկելը, ինչպես նաև ոստիկանության պաշտոնական կայքում դրանց ընթացքին հետևելը:
Վերը նշված ընթացակարգը պարբերաբար կատարելագործվում և ներդրվում են լրացուցիչ մեխանիզմներ:
2016թ. սեպտեմբեր ամսից անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացիության հարցերով դիմումներ ներկայացնելիս տեղում անմիջապես տպագրվում և քաղաքացուն է հանձնվում գրավոր հավաստում:
Տվյալ փաստաթղթում նշվում է անհատական ծածկագիրը, ինչպես նաև այն եղանակները, որոնց միջոցով քաղաքացին կարող է տեղեկանալ դիմումի ընթացքի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվում է գործը ընդունող ախատակցի կողմից և նշվում դիմումի ընդունման ամսաթիվը:
Փաստորեն, բացի այն, որ քաղաքացին իր իրավունքների մասին իրազեկվում է հրապարակված իրավական ակտերով, ԱՎՎ-ի կողմից տեղում տրամադրվում է նաև ընթացակարգերի վերաբերյալ գրավոր ծանուցում և հավաստում, որ դիմումն ընդունվել է:
Գրավոր հավաստման մեջ հիշեցմնան կարգով նշվում է նաև, որ քաղաքացիության հարցերով դիմումները քննարկվում են 6-ամսյա ժամկետում (բարեփոխումներից մեկը նաև 1-տարյա ժամկետը 6-ամսյա ժամկետով կրճատելն է- 2013թ. հուլիսի 20-ի ՀՕ-74-Ն օրենք)»: