Հանքավանում երեք անձի սպանության համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հանքավանում երեք անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

2015 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել է Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացածների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանները, վերջիններիս ընկեր Արմեն Հովհաննիսյանը։

Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։ Նույն օրը որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին։

Նախնական քննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող նախին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել այդ տարածքի սեփականատերեր Գալստյան եղբայրների և անտառապահ Գ.Սեփոյանի միջև` կապված նշված տարածքում կատարված ծառահատումների հետ, որին ներկա են գտնվել նաև այլ անձինք։ Տարածքի սեփականատերերն անտառապահին մեղադրել են նշված տարածքում կատարված ծառահատումների համար: Վիճաբանությունը վերաճել է կռվի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գ.Սեփոյանի որդին՝ Հ.Սեփոյանը, տեղեկանալով, որ հայրը վիճաբանել և կռվել Հրազդան քաղաքի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկվել հայրը և ստացել մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք։ Հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի մարտական ակոսափող ինքնաձիգով մենահատ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և վերջիններիս ընկեր Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ։ Արդյունքում՝ Վարդան Գալստյանին պատճառվել է որովայնի առաջային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննիսյանի՝ գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում առաջացրած գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին՝ երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ, որոնց հետևանքով վերջիններս մահացել են:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հ.Սեփոյանի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Կատարված հանցագործությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու համար անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել