Հարգանքի տուրք՝ առաջնագծում զոհված հայորդիների հիշատակին (ֆոտոշարք)

Գիտելիքի և դպրության օրն այս տարի Երևանի համար 147 և 174 դպրոցներում ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Օրվա միջոցառումների մեկնարկը կրթօջախներում տրվել է հարգանքի տուրք մատուցելով:

Մայրաքաղաքի 174 դպրոցում հանդիսավորությամբ բացվել է կրթօջախի սան, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Հրաչ Մուրադյանի փառքի սրահը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ինչպես նաև Հրաչ Մուրադյանի ծնողները: Ներկաները համոզմունք են հայտնել, որ դպրոցի այս սրահը խոնարհումի յուրօրինակ վայր կդառնա սաների համար՝ ճշմարիտ հայրենասիրություն սերմանելով մատաղ սերնդի հոգիներում:

Այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն էլ Երևանի համար 147 դպրոցի շրջանավարտ էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունը՝ անսահման: Սեպտեմբերի 1-ին դպրոց այցելած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամների ու դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Արցախի հերոսի հիշատակը հավերժացնող փառքի սրահում:

Թե՛ ուսուցչական անձնակազմը և թե՛ դպրոցի աշակերտները նշել են, որ կրթօջախի պատերից ներս միշտ է թևածում հերոս հայորդու անունը, ինչն իր հերթին նաև յուրովի պատրավորեցնում է իրական հերոսի ոգով դաստիարակել կրթօջախի ներկա ու ապագա բոլոր սերունդներին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել