Տգիտությունը չպետք է գլուխ բարձրացնի. ԱՆ

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր նորից մեր հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ է կատարվել: Արդարադատության նախկին նախարար Հավհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի բովանդակությունը խիստ վրդովմունք և անհանգստություն է առաջացրել ոլորտի առաջադեմ մասնագետների շրջանում: Եվ ոչ միայն նրանց, այլև, ի ուրախություն մեզ` մեր հանրության մեծ մասի մոտ: Խոսքը վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այն է` իմունականխարգելման ազգային ծրագրի, պարզ լեզվով ասած` պատվաստումների մասին է: Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել և դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչև հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները: Հետաքրքիր է, արդյոք, կգտնվի՞ մեկը, ով կարող է գնահատել, թե մարդկությունն ի՞նչ կորուստներ կունենար, եթե չլինեին պատվաստումները: Արդյո՞ք կգտնվի այն խելոքը, ով կարող է իր պատասխանատվությամբ արգելել պատվաստումները և իր խղճի վրա վերցնել հազարավոր մանուկների հնարավոր մահը կյանքի առաջին իսկ տարիներին` մեծ կորուստներով աղետի հասցնելով մեր երկիրն ու ժողովրդին: Ցավոք, մենք` բժիշկներս ենք հաճախ ականատեսը լինում մեր օրերում ծնողների` պատվաստումներից զերծ պահելու պատճառով երեխային կորցնելու դժբախտությանը։ Շատ կուզենայինք սոցիալական ցանցերում իրենց ժամանցն անցկացնող մեր քաղաքացիները գոնե մեկ անգամ տեսնեին և պատկերացնեին, թե ինչի կարող է հանգեցնել իրենց կողմից սերմանած անվստահությունը և կասկածը:

Մեր հանրությանը վստահեցնում ենք, որ ոչ միայն այս անգամ, այլև հետագայում ևս չի հաջողվելու խաթարել իմունականխարգելման ծրագիրը, որ ազգային անվտանգության ապահովման խնդիր է։ 21-րդ դարն է, և մեր մոտեցումներում միակ հիմքը գիտությունն է, արժանահավատ և մեծաթիվ գիտական հետազոտությունները, որոնք մեկընդմիշտ ապացուցել և հաստատել են ճշմարտությունը: Որպես ոլորտի պատասխանատու մենք հայտարարում ենք, որ պատվաստումները մանուկների մտավոր զարգացման վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն ունենում: Պատվաստումները որևէ կերպ աուտիզմի չեն հանգեցնում: Պատվաստումները զարգացման արատների առաջացման պատճառ չեն դառնում: Սրա ապացույցը նաև մեր երկրում այն հարյուր հազարավոր երեխաներն են և միլիոնավոր մեր այն քաղաքացիները, ովքեր ապրում են մեր կողքին, ովքեր ժամանակին և պատշաճ պատվաստվել են:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստան ներմուծվող պատվաստանյութերը լավագույնն են: Ոչ թե լավագույներից մեկը, այլ` ամենալավագույնը: Մեր մասնագետներն ամեն տարի բազմաթիվ տեսական և գործնական դասընթացներ են անցնում և լիարժեք տիրապետում են պատվաստումների համաշխարհային փորձին: Յուրաքանչյուր երեխայի պատվաստման նպատակահարմարությունը անհատական մոտեցումներով է որոշվում: Ուստի հորդորում ենք բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական, կեղծ և անհիմն մեկնաբանություններից։

Ի դեպ, աշխարհում երկրներ կան, ընդ որում` զարգացած, ուր օրենքի ուժով պատժում են պատվաստումներից խուսափողներին։ Օրինակ, ԱՄՆ Կալիֆորինա և մի շարք այլ նահանգներում չպատվաստված երեխաներին արգելում են դպրոց կամ հանրային այլ վայրեր հաճախել։ Իսկ Ուրուգվայում անհիմն չպատվաստված երեխայի ծնողներին ազատազրկման են ենթարկում։ Հայաստանը չի գնացել այս ճանապարհով և չի գնալու։ Մենք աշխատում ենք վստահության վրա և ապավինում մեր հայրենակիցների գիտակցությանը։ Ուստի այսուհետ ՀՀ առողջապահության նախարարությունը կոշտ է արձագանքելու պատվաստումների հարցում մարտնչող տգիտության ցանկացած դրսևորման։

ՀՀ առողջապահության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել