Կառավարությունն այսօր որոշեց մինչև 2018թ. հունվարի 1-ը կասեցնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը՝ մինչև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովումը:
Ըստ նախագծի` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 3-ին, այսուհետ՝ Oրենք) 4-րդ գլխով նախատեսված է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության պահանջ:
Օրենքի կարգավորումներից բխող՝ ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներով (ուժի մեջ են մտել 2016թ. հունիսի 4-ին) ամբողջականացվեցին օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության իրավական հիմքերը: Մասնավորապես՝
- օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազոր մարմին ճանաչվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
- աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու բնագավառում լիազոր մարմին ճանաչվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն՝ այս բնագավառում վարչական պատասխանատվությունը կիրառող մարմինը ՀՀ ոստիկանությունն է:
Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ, որոնք առաջ են բերում օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրման պահանջը կասեցնելու օբյեկտիվ անհրաժեշտություն:
- Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների քանակը կազմում է 5179, որոնք հիմնականում ներգրավված են կրթության, գիտության, տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, առևտրի, առողջապահության ոլորտներում, և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն: Ավելին, օտարերկրացի աշխատողների գերակշռող մասը ազգությամբ հայեր են:
- Գործատուն կարող է օտարերկրացի աշխատողի համար ստանալ աշխատանքի թույլտվություն առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում (5 աշխատանքային օր՝ թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու, 5 աշխատանքային օր՝ աշխատանքի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, 5 աշխատանքային օր՝ աշխատանքի թուլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու համար): Այսինքն, թափուր աշխատատեղը օտարերկրացի աշխատողով համալրելուն նպատակադրված գործատուի համար, ընդհանուր առմամբ, առկա է 15 աշխատանքային օր սպասելու խնդիր:
- Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման մոտ 2 ամսվա փորձը վկայում է, որ հիմնականում գործատուները աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում վերջնական նպատակադրված են լինում և ներկայացնում են յուրահատուկ նեղ մասնագիտական և աշխատանքային փորձի պահանջներ: Օրինակ՝ այլ երկրներից բերված և նախկինում ՀՀ-ում չշահագործված սարքավորումները շահագործող մասնագետներ, այլ երկրների ճաշատեսակներ կամ հրուշակեղեն պատրաստող բարձրակարգ և փորձառու խոհարարներ և այլն:
- Մեր իրականացրած համեմատական վերլուծությունները վկայում են, որ առանց աշխատանքի թույլտվության պահանջի կիրառման՝ օտարերկրացիների ներգրավումը ներքին աշխատաշուկայում էական ազդեցություն չի ունեցել, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի տեսանկյունից:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները մեղմ են, այնուամենայնիվ, գործատուների համար առաջացնում են որոշակի դժվարություններ, ժամանակի կորուստ՝ թափուր աշխատատեղը օտարերկրացի աշխատողով արդյունավետ համալրելու առումով:
- Աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախատեսված պետական տուրքը (25000 ՀՀ դրամ՝ աշխատանքի 1 թույլտվության համար) լրացուցիչ ֆինանսական ծախս է գործատուների համար:
- Ներքին աշխատաշուկան թիրախավորված և լիարժեք պաշտպանելու համար անհրաժեշտ է նաև ներդնել օտարերկրացի աշխատողների թվաքանակի քվոտավորման համակարգը, որը յուրաքանչյուր տարի՝ ըստ երկրների և մասնագիտությունների կարող է սահմանել ՀՀ կառավարությունը:
- Հատկանշական է նաև, որ առանց օտարերկրացի աշխատողների թվաքանակի քվոտավորման համակարգի ներդրման՝ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգը չի կարող լիարժեք գործել, իսկ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում քվոտավորման համակարգի ներդրման օբյեկտիվ նախադրյալներ չկան:
- Վեր են հանվել նաև կիրառական կարևոր նշանակություն ունեցող Օրենքում տեղ գտած հետևյալ խնդիրները՝
- աշխատանքի թույլտվության և դրա հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը հնարավոր չէ ապահովել մեկ պատուհանի սկզբունքով,
- աշխատանքի թույլտվությունը պետք է տրամադրվի գործատուի դիմած կոնկրետ ժամկետով, որը կարող է չհամապատասխանել աշխատաշուկայի հետագա փոփոխություններով պայմանավորված օբյեկտիվ իրավիճակին,
աշխատանքի թույլտվություն ստանալու որոշ բացառություններ և մերժման հիմքեր հայեցողական լայն մեկնաբանությունների տեղիք են տալիս:
Իրավաբան.net