Քիչ առաջ Խորենացի փողոցում` «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածքում լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և խնդրել նախաձեռնել այս հարցը որևէ ֆորմատով քննարկման դնել: Վերջինս խոստացել է մտածել այդ ուղղությամբ, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չկա. «Քանի որ իրադարձությունները կարող են արագ զարգանալ, և մինչ այս պահը որևէ պատասխան չունեմ, բարձրաձայնում եմ այդ մասին»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նրա խոսքով, ներկայումս պետական այրերը պետք է մեկ խնդիր դնեն իրենց առջև` ինչ անել հետագա արյունահեղությունը կանխելու համար, քանի որ արյունահեղությունը ոչ թե լուծում է տալու առկա խնդիրներին, այլ դրանք ավելի է խորացնելու:
Նա նշեց նաև, որ իր համար ընդունելի չէ, երբ քաղաքական տարբեր գործիչներ «Սասնա ծռեր» խմբի անդամների այս քայլը ահաբեկչություն են որակում. «Այդպիսով ֆոն է ստեղծվում` գրոհի սկելու համար»: Այս դեպքում պետք է գնահատել խնդրի քաղաքական կոնտեքստը:
Ինչ վերաբերում է զինված խմբի և իշխանությունների միջև բանակցություններին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանց վերաբերյալ կոռեկտ չի համարում խմբի անդամներին հարցեր տալ և տեղեկության չի տիրապետում:
Պատգամավորն անդրադարձավ նաև համատարած քաղաքացիներին բերման ենթարկելուն. հարցում է ուղարկել ոստիկանություն` խնդրելով պարզաբնել, թե ինչու են քաղաքացիներին զանգվածաբար տեղափոխել ոստիկանության զորամաս: Հավանական է, որ այս հարցման պատասխանը ստանալուց հետո ՀՔԾ-ն զբաղվի դրանով և պարզի, թե արդյո՞ք հանցակազմ չկա ոստիկանների գործողություններում:
Նա նշեց նաև, որ փորձ է արել քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն արգելել են իրեն, և նա դիմել է ՔՀԿ պետին` խնդրելով պատճառաբանել մերժման հիմքը: