2016 թ. հուլիսի 17-ից սկսած` ՀՀ ոստիկանությունը Հանրապետության տարբեր վայրերից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկում քաղաքացիների` առանց որևէ պատճառաբանության: Այնուհետև ոստիկանության բաժիններում նրանց տեղեկացնում են, որ զենք-զինամթերք պահելու կասկածանքով են բերման ենթարկել: Ըստ բազում քաղաքացիների` նրանք ոստիկանության բաժիններում ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի:
Միաժամանակ ոստիկանությունը համակարգված կերպով զրկում է քաղաքացիներին իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից:
Այսպես` հուլիսի 17-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին տարված Հասմիկ Էվոյանին չեն կարողացել տեսակցել իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը:
Հուլիսի 17-ին ոստիկանության բաժին տարված քաղաքացիներին չեն կարողացել հանդիպել փաստաբաններ Արա Կարագյոզյանը և ՀայարփիՍարգսյանը:
Հուլիսի 18-ին Արա Կարագյոզյանը չի կարողացել հանդիպել ոստիկանության Կենտրոնական բաժին տարված քաղաքացիներին:
Հուլիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, փաստաբան Կարապետ Բադալյանին իրավաբանական օգնություն ստանալու նպատակով զանգահարել է Վարուժան Ավետիսյանի կինը` Լուսինե Գալստյանը: Ոստիկանները, սակայն, վերջինիս ձեռքից խլել են հեռախոսը, կապն ընդհատվել է, ինչից հետո փաստաբանի զանգին ի պատասխան` Լուսինե Գալստյանի հեռախոսահամարն անհասանելի է եղել: Այս առիթով փաստաբանը զանգահարել է ՄԻՊ գրասենյակ, որպեսզի վերջիններս ճշտեն Լուսինե Գալստյանի և նրա դստեր` Անի Ավետիսյանի գտնվելու վայրը, սակայն ՄԻՊ գրասենյակն ահազանգը չի ընդունել` ասելով, որ անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում: Այդուհանդերձ ի վերջո ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի անդամներից այցելել են ոստիկանության բաժին: 16:15-ի սահմաններում Կարապետ Բադալյանին կրկին զանգահարել է Լուսինե Գալստյանը և հայտնել, որ ինքը ոստիկանության Կենտրոնի բաժնում է: Այնտեղ գնացած փաստաբանին, սակայն, թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդին: Փաստաբանը կրկին ահազանգել է ՄԻՊ գրասենյակ: Ի վերջո փաստաբան Կարապետ Բադալյանին թույլատրել են մուտք գործել բաժին և իրավաբանական խորհրդատվություն տրամադրել իր վստահորդներին:Ոստիկանությունում երեք ժամից ավելի գտնվելուց հետո,երբ ըստ էության ոստիկանությունն արդեն ավարտել էր փաստաթղթերի լրացումը, ԼուսինեԳալստյանին և Անի Ավետիսյանին ազատ չէին արձակում, ինչի մասին կրկին ահազանգվել է ՄԻՊ գրասենյակ, որտեղից դարձյալ պատասխանել են, որ անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել: Ի վերջո ժամը 21:00 –ի սահմաններում նրանց ազատ են արձակել:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը և կոչ է անում չխախտել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուրի ազատության և անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգումների կամ այլ անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի չարժանանալու իրավունքը, հավաքների ազատության իրավունքը և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
Ոստիկանության նման ապօրինի գործողությունների զոհ դարձած անձանց խորհուրդ ենք տալիս նախ զանգահարել ՄԻՊ` 116 համարով, և/կամ ձեր ծանոթներից որևէ մեկին խնդրել զանգահարել ՄԻՊ կամ որևէ փաստաբանի: Գտնվելով ոստիկանության բաժնում`փորձեք արձանագրել ձեզ հետ տեղի ունեցող գործողությունները, ֆիքսեք ձեզ ազատությունից զրկելու ժամը ձեռքի տակ եղած միջոցներով՝ ձայնագրության, կամ լուսանկարահանման, կամ տեսանկարահանման միջոցով, կամ ձեզ ստորագրության ներկայացվող փաստաթղթերում ստորագրելուց առաջ ուղղակի կատարեք գրառում բերման ենթարկելու ժամի մասին և անպայման նշեք տվյալ պահին փաստաթղթի ստորագրության ժամը:Ոստիկաններից անպայման պահանջեք ձեզ հնարավորություն ընձեռել ստանալու իրավաբանական օգնություն (տրամադրել հեռախոս և այլն): Ցանկացած ձեզ ներկայացված փաստաթղթի ծանոթացեք, ստորագրեք դրանք՝ անպայման արձանագրելով տվյալ պահի ժամը: Ոչ մի դեպքում մի՛ ստորագրեք փաստաթղթերն առանց դրանք կարդալու: Բացատրություններ տալիս գրեք ինքնուրույն, իսկ եթե որևէ պատճառով համաձայնել եք, որ ոստիկանը գրառի ձեր բացատրությունը, ապա նախքան ստորագրելը կարդացեք այն:Եթե բացատրությունը տարբերվում է ձեր խոսքերով ներկայացվածից,ապա մի՛ ստորագրեք այն` պահանջելով համապատասխան ուղղումներ: Առհասարակ դուք իրավունք ունեք նաև հրաժարվել բացատրություններ տալուց:Երբ ձեզ ազատ արձակեն,անպայման ֆիքսեք ազատ արձակելու ժամը վերը ներկայացված որևէ եղանակով:
Ծեծի կամ մարմնական վնասվածքներ ստացած լինելու դեպքում այդ մասին գրառում կատարեք ձեզ ստորագրության ներկայացված որևէ փաստաթղթում: Այնուհետև հաղորդում ներկայացրեք ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նշելով, որ ձեզ ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողները և պահանջելով ձեզ տրամադրել դատաբժշկի ուղեգիր:Կամ գրավոր դիմեք ՄԻՊ և հայցեք բուժօգնություն որևէ բժշկական հաստատությունում, ինչի արդյունքում ևս կարձանագրվեն ձեր վնասվածքները:Միևնույն ժամանակ, հնարավորության դեպքում ինքնուրույն լուսանկարահանեք կամ տեսանկարահանեք ձեր վնասվածքները:
Հիշյալ գործողությունները կատարելու դեպքում ձեր խախտված իրավունքների պաշտպանությունն ապագայում ավելի հեշտ և արդյունավետ կլինի:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ