Քաղաքացի Ալինա Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից առերևույթ վաշխառություն կատարելու և իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ քաղաքացի Ալինա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի աշնանը քրոջ ամուսնուց՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողից, ամսական 8 տոկոս տոկոսադրույքով վճարելու պայմանով վերցրել է 8 հազ. ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչև 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը, որպես մայր գումար վճարել է 3 հազ. 300, իսկ որպես տոկոսադրույք՝ 18 հազ. ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, Ալինա Գ.-ն հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տանը պարտք ու պահանջի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծեծի ենթարկելու և վաշխառություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: