Քաղաքացին հաղորդում է տվել ՊԵԿ աշխատակիցների դեմ

Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝  Էդգար Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. մայիսի 21-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ընկերոջ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս իրեն կանգնեցրել են ՊԵԿ աշխատակիցներ, ապա հայհոյանքներ տալով և ավտոմեքենան վնասելու սպառնալիքներ հնչեցնելով, բռնության գործադրմամբ իրեն դուրս են հանել ավտոմեքենայից: Նույն աշխատակիցները,  ստուգելով ավտոմեքենայի սրահը և այնտեղ հայտնաբերելով իր և եղբոր կողմից Երևան քաղաքից գնած գազալիցքավորման տարաները և լվացքի փոշին, հայտարարել են, թե, իբր, դրանք, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Վերջիններս վերցրել են ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բջջային հեռախոսը և ավտոմեքենայի հետ միասին իրեն տարել են Բագրատաշեն մաքսակետ:

Այնուհետև, հիշյալ մաքսակետի աշխատասենյակներից մեկում, մաքսային տեսուչը կազմել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ դրա մեջ մտցնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբր, ըստ իր հայտարարության, նշված գազալիզքավորման տարաները և լվացքի փոշին, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Ծանոթանալով արձանագրության բովանդակությանը, ինքը հրաժարվել է ստորագրել դրա տակ և գրառում է կատարել, որ համաձայն չէ բովանդակության հետ:

Բացի այդ, ՊԵԿ նույն աշխատակիցները հետ են վերադարձրել միայն բջջային հեռախոսը, իսկ տարաներով բեռնված ավտոմեքենան և թվարկված բոլոր փաստաթղթերը, առանց համապատասխան փաստաթղթավորման, պահել են մաքսակետում:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել