Լոս Անջելեսի Շրջանային խորհուրդը մտադիր է հարկ գանձել միլիոնատերերից՝ ստացված գումարով քաղաքի անտուն մարդկանց քանակը նվազեցնելու համար: Նախագծի հավանության արժանանալու դեպքում այն անձինք, ում տարեկան եկամուտը գերազանցում է 1 միլիոն դոլարը պարտավոր կլինեն ստացած յուրաքանչյուր եկամտի 1 տոկոսը վճարել որպես հարկ: Փոխանցում է The Independent-ը:
Ըստ տեղական ինքնակառավարման մարմնի հաշվարկների, վճարվելիք հարկը տարեկան կարող է կազմել 243 միլոն դոլար, որը կուղղվի անօթևան մարդկանց կենսապայմանների բարելավմանը: Քաղաքային խորհուրդը մտադիր է նախագիծը հանրային քվեարկության դնել նոյեմբեր ամսին և ըստ հարցման տվյալների Լոս Անջելեսի բնակչության մոտ 80 տոկոսը համաձայն է այս նորամուծությանը։
Ներկայումս ղեկավարությունը ակնկալում է ստանալ նահանգապետ Ջերի Բրաունի և նահանգի օրենսդիրների հավանությունը հարկը գանձելու համար: Նախագծին լիովին աջակցում է Լոս Անջելեսի շրջանային ղեկավարության գլխավոր օրենսդիր Ֆիլիպս Մարշալը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ աշխատանքային միություններ:
Լոս Անջելեսի Անօթևանների ծառայության մարմնի տվյալներով ներկայումս մոտ 46.000 անտուն մարդ է ապրում շրջանում: Արևմտյան շրջանում բնակարանի միջին գինը անցնում է 1.2 միլոն դոլարի չափը իսկ քաղաքում ապրում է ավելի քան 120.000 միլիոնատեր:
Սեպտեմբեր ամսին շրջանային խորհուրդը հայտարարել էր, որ ցանկանում է քաղաքում անօթևանների խնդրի վերացման նպատակով բյուջեից 100 միլիոն դոլար հատկացնել:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը