Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արեց իր հայտարարությունը՝ կապված analitik.am կայքի սկանդալային գործի վերաբերյալ: Նա խոստացել էր տալ անուններ, սակայն տվեց մեկ անուն, թեև դրանով շատ բան պարզ էր և հասկանալի:
««Վանոյի Արտակն» այս անգամ իր հետեւից շատ մարդ է տանելու»,- ասաց պատգամավորը:
Այս պատմությունն ունի երկու երես՝ մեկը Տիգրան Ուրիխանյանի շուրջ է պտտվում, մյուսը նույն «Վանոյի Արտակի»:
Ո՞ւմ նկատի ուներ Տիգրան Ուրիխանյանը: Խոսքը «Ֆինանսական բուրգի» գործում որպես տուժող հանդես եկող, գործարար Արտակ Գալստյանի մասին է:
Նույն գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը մշտապես մեղադրել է այս անձին՝ նշելով, թե նա սերտ կապեր ունի Վանո Սիրադեղյանի հետ: Արթուր Անդրեասյանի խոսքերով` Արտակ Գալստյանն իրեն ասել է, թե իր ետևում կանգնած են բարձրաստիճան ոստիկաններ. «Նա ասել է ինձ, որ իրա մեջքին կանգնած են Վանո Սիրադեղյանն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, և որ ես էլ միանամ իրեն, օգնեմ, որ ինքը կարողանա Ներսես Նազարյանի և Կարեն Բաբախեկյանի իրա բառերով ասած, գեներալիտետին գործից հանի և ինչ ունեն-չունեն ձեռքից խլեն: Բնական է ես չհամաձայնվեցի իրա կեղտոտ խաղերին մասնակցելու: Նա ունենալով, ըստ իր ասածի, Վանո Սիրադեղյանի և այլ պաշտոնյաների, այդ թվում ոստիկանության բարձրաստիճան գեներալների հովանավորությունը, դարձել է անպատժելի: Այս բուրգ կոչեցյալը ամբողջովին Արտակի հնարածն է, դրա համար հենց հատուկ քննչականում իրան մականուն էին դրել Բուրգի ճարտարապետ»,- ասաց Արթուր Անդրեասյանը:
Արտակ Գալստյանըոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում է կամ էլ եղել է մինչև նախորդ տարվա վերջ:
«Ֆինանսական բուրգի» գործով Արտակ Գալստյանի իրավունքները պաշտպանում էր «Ալգա» փաստաբանական գրասենյակը, որի ղեկավարը «Անալիտիկ» կենտրոնի կազմակերպած «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն լավագույն փաստաբան է ճանաչվել:
«Այդ կայքերի հետ կապված փաստաբան կոչվողների խումբը, որը թաթախված է բազմաթիվ պատմությունների մեջ և փողի դիմաց մարդ վարկաբեկելու բիզնեսով է զբաղված, մեծ հետաքրքրության առարկա է դարձել»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:
Հնարավոր է, որ խոսքը գնում է նաև armcrimenews.com կայքի մասին, որը նույնպես առնչություն ունի Արտակ Գալստյանի հետ:
Այս գործով Ուրիխանյանի հայտարարությունից մեկ ժամ առաջ հայտարարություն տարածեց նաև հիշատակվող փաստաբանական գրասենյակը՝ նշելով, թե հետևել է գործընթացին ու պարզել, որ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հավանաբար այնքան էլ կապ չունի իրականության հետ: Մի քանի հանգամանքներ մեջբերվեցին, հետաքրքիր է այն, որ Ուրիխանյանի անունը կապվում է Ռուս-Ադրբեջանական «ՎՏԲ Հայաստան բանկի» հետ, մասնավորապես շեշտադրվում, որ Անի Հովհաննիսյանին նախազգուշացրել են չանդրադառնալ բանկին, հակառակ դեպքում բացասական հետևանքներ կլինեն, և դրանից երկու օր անց Ուրիխանյանը նրա դեմ բողոք է ներկայացնում:
Այս կողմի թիրախը ակնհայտ է դառնում, երբ ծանոթանում ես վերոնշյալ կայքի վերջին հրապարակմանը, որտեղ Ուրիխանյանը ներկայացվում է՝ որպես ռուսական գործակալ:
Վերադառնալով «ԱԼԳԱ»-ի հայտարարությանը, դրա մեջ մասնավորապես ասվում է. «Անի Հովհաննիսյանը վերջին ժամանակ ակտիվորեն պայքարել է Ռուս-Ադրբեջանական «ՎՏԲ Հայաստան բանկի» դեմ, ընդհուպ մինչև նախաձեռնել է ստորագրահավաք այդ ադրբեջանական մասնակցությամբ բանկին բանկային գործունեության արտոնագրից զրկելու համար:
«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի կողմից բաժնետեր հանդիսանալու փաստով դիմել է ՀՀ նախագահին, ԱԱԾ տնօրենին, Գլխավոր դատախազին, ԱԺ բոլոր խմբակցություններին այդ թվում նաև Ալյանս կուսակցությանը:
Ներկայացրել է նրանց այդ փաստը հիմնավորող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դիմումներում նշել է, որ Ադրբեջանի կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի միջոցով ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավալելը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, թշնամի պետությունը ՀՀ- ում գործունեություն ծավալելով ստանում է շահույթ, որը ուղղվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության զարգացմանը, կա անձնական և բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների արտահոսքի իրական վտանգ:
Սակայն Ալյանս կուսակցությունը՝ հանձինս իր ղեկավար Ուրիխանյանի մեր դիմումը թողեց անպատասխան, ավելին վերջերս ԱԺ-ում կոչ արեց մեկ միլիոն դոլար նվեր տալ Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, որով հստակ արձանագրեց իր բարիդրացիական վերաբերմունքը Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ Հայաստան բանկի» նկատմամբ:
Ուշագրավ է նաև հետևյալ հանգամանքը՝
Անի Հովհաննիսյանը հրավիրվում է ՌԴ դեսպանատուն, հանդիպում ՌԴ դեսպանի հետ, վերջինս կատեգորիկ կերպով Անիից պահանջում է դադարեցնել Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ բանկի» դեմ հրապարակումները, հակառակ դեպքում ակնարկելով, որ խնդիրներ կստեղծի Անիի համար: Անին մերժում է ՌԴ դեսպանի պահանջը:
Անիի և դեսպանի հանդիպումից ընդամենը երկու օր անց Ուրիխանյանը հաղորդում է ներկայացնում Անիի դեմ: Անի Հովհաննիսյանը և իր օգնականը ձերբակալվում են և Analitik.am կայքը բնականաբար լռեցվում է, որից հետո Ռուս ադրբեջանական «ՎՏԲ բանկին» մեկ միլիոն դոլար նվեր տալու խայտառակ օրինագիծը, որը երկու անգամ տապալվել էր ԱԺ ում, Ուրիխանյանի կոչից հետո ընդունվում է:
«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերությունը վաղուց է պաշտպանում Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ունեզրկված և տուժած քաղաքացիներին։ Այս պահին մեր վարույթում առկա են մոտ 100 և ավելի դիմում-բողոքներ, որոնց մի մասը դատական գործընթացում են, իսկ մի մասով քննվում են քրեական գործեր:
Ինչպես վերը շարադրված հանգամանքները, այնպես էլ մամուլի հրապարակումները մեզ մոտ հիմնավոր կասկած են առաջացնում, որ գործ ունենք ոչ թե շորթման դեպքի հետ, այլ Ռուս Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ազատ մամուլը լռեցնելու և Ադրբեջանի տնտեսական հաղթարշավը ՀՀ-ում շարունակելու փորձի հետ:
Հաշվի առնելով վերը թվարկած հանգամանքները ՝«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերությունը հայտարարում է Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհանիսյանի պաշտպանությունը ստանձնելու մասին, ինչպես նաև հայտարարում ենք, որ եթե մեր կասկածները իրականանան, ջանք չենք խնայելու, որպեսզի սույն գործով բոլոր սադրիչները, անկախ իրենց պաշտոնից, դիրքից և անձեռնամխելիության աստիճանից ստանան իրենց արժանին, քանի որ կասկածների հիմնավորման դեպքում գործ կունենանք ոչ միայն սուտ մատնության հանցակազմի հետ, այլ նաև հայրենիքի դավաճանության հետ»:
Գ.Թ.