Քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեպսանատունը հրապարակվել է Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարարի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարությունը.
«Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նրանք վերահաստատեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Համանախագահները շեշտադրեցին 1994 և 1995թթ. հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը:
Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնեցին հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի մանրամասները: Նախագահները նաև համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո շարունակել տվյալների փոխանակումը անհայտ կորածների վերաբերյալ, որի շուրջ Նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Նախագահները համաձայնության եկան բանակցային հաջորդ փուլի վերաբերյալ, որը կկայանա հունիսին կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները համակողմանի կարգավորման շուրջ»: