Ո՞ր նախարարն է արտասահման գործուղվելիս նախընտրում «էկոնոմ» դասի տոմս

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք հիմնականում նախընտրում են օտարերկրյա չվերթներն իրականացնել «բիզնես» կարգի տոմսերով, որոնք առավել թանկարժեք են, քան «էկոնոմները»: Այս մասին մշտապես բարձրաձայնել է Իրավաբան.net կայքը:

Այս անգամ, ուսումնասիրելով նախարարների կողմից գործուղումների համար ավիասպասարկման ծառայությունների հետ կնքված պայմանագրերը, պարզեցինք, որ նախարարներից, օրինակ,  Արփինե Հովհաննիսյանը նախընտրում է գործուղումների մեկնել  «էկոնոմ» դասի տոմսով, այն դեպքում երբ նա էլ իր մյուս գործընկերների պես ազատ է ընտրության մեջ և կարող է պատվիրել ավելի թանկարժեք՝  «բիզնես» դասի տոմս:

Օրինակ՝ 2015 թվականի նոյեմ­բերի 9-11-ը նա գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն):

Նպատակն էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պրոբացիոն ծառայության գործունեության փորձի ուսումնասիրումն ու երկրի բարձրաստիճան պաշ­տոնյաների հետ հանդիպումները:

Ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին: Կառավարության համապատասխան որոշման մեջ առկա չէ փաստը՝ նա մեկնել է «էկոնոմ», թե՞ «բիզնես» կարգով: Մենք հարցում կատարեցինք ԱՆ, որտեղից Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց, որ Արփինե Հովհաննիսյանը մեկնել է «էկոնոմ» դասի տոմսով:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վերջերս Սոֆիայում հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևայի հետ: Բուլղարիա կատարած այցը նույնպես իրականացվել է էկոնոմ դասի տոմսերով:

Այնպես որ՝ նախարարն այս ընթացքում մեկ անգամ մեկնել է Ֆրանսիա, մեկ անգամ Անգլիա և Բուլղարիա, բոլոր ուղևորություններին նախընտրել է «էկոնոմ» դասը: ՀՀ վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ Արփինե Հովհաննիսյանը մեկնել է գործուղման Քուվեյթի Հանրապետություն, առաջիկայում գնալու է նաև Ֆրանսիայի Հանրապետություն. նոր չվերթները նույնպես «էկոնոմ» են լինելու:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել