Երկու մարդու կյանք խլած երկու ավտոբուսի պայթյունի պատճառը պայթուցիկն է. այս մասին գրում է BBC ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Ոստիկանապետը հայտնել է, որ պայթուցիկը պայթել է ավտոբուսի աջ մասի երկրորդ նստարանի մոտ և չի եղել բեկորային, սակայն պայթյունի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել:
Իսկ նրա խորհրդական Նարեկ Մալյանն էլ հայտնել է, որ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել. «Ավտոբուսը չի այրվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն: Ավտոբուսը պայթել է ընթացքի ժամանակ: Պայթյունը եղել է ոչ թե բեկորային, այլ ալիքային»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Այժմ ոստիկանությունը ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները: Դեռևս տեղեկություններ չկան, թե արդյո՞ք պայթուցիկը տեղադրվել է ավոտոբուսի վրա, թե այն եղել է ուղևորներից մեկի մոտ:
Այս տեղեկությունների վերաբերյալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ ոստիկանապետը այդ տեղեկությունները հայտնել է գիշերը, դրանք նախնական տեղեկություններ են, այժմ դեպքի առթիվ քրեական գործ կա հարուցված Քննչական կոմիտեում, և հետագա մյուս բոլոր հարցերը կարող են պարզաբանել միայն ՔԿ-ից: