Կալանքի միջնորդությունը մերժվել է. մեղադրյալն ազատ կարձակվի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, մերժել է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ մեղադրվող Լևոն Հովհաննիսյանի հանդեպ կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Լ. Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

Լ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նա կալանքի տակ է 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: «Սա եզակի դեպք է, քանի որ ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, այս դեպքում նվազագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է, այլընտրանքային պատիժ չի սահմանվում»,- ասաց Թ. Բաղդասարյանը:

Նշենք, որ ոլորտի մասնագետները բազմիցս են բարձրաձայնում ներկայիս ձևավորված պրակտիկայի մասին, երբ նույնիսկ ոչ ծանր հանցագործությունների դեպքում որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը. քննիչները կալանքի միջնորդություն են ներկայացնում, դատարաններն էլ բավարարում են դրանք:

«Այս դեպքում դատարանը ապացուցված համարեց, որ վերջին 2 ամսվա ընթացքում քննչական գործողություններ չեն կատարվել: Եվ պաշտպանյալիս կալանքի տակ մնալն արդարացված չի կարող լինել: Նա ազատ կարձակվի և որպես խափանման միջոց կընտրվի ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- նշեց Թամարա Բաղդասարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել