Տունը՝ ընտանիքի վեճի առարկա. դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, դատավոր Աբովյանն էլ լարվել էր լրագրողի ներկայությունից

«Քո ձեռքին տեխնիկա կա, հանկարծ չնկարես, հեռու տար տեխնիկան»,- ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանն այսպես արձագանքեց, երբ դատական նիստը դեռ չսկսված, մտանք դահլիճ:

Նա հիշեցրեց կարգի մասին՝ հորդորելով ոչ մի դեպքում չլուսանկարահանել կամ տեսագրել դատական նիստի ընթացքը, դատավորին անգամ անհանգստացնում էր միացրած համակարգիչը՝ «հանկարծ չնկարահանես այդ համակարգչով»,- ասում էր նա:

Նշենք, որ սույն գործը վերաբերում է հողային խնդրին, մինչ այդ գրել էինք, որ սեփականությունը դարձել է ընտանիքների վիճաբանության առարկան, Երևանի Հաղթանակ 7փ. 20 տան շուրջ արդեն երկու տասնյակ տարիներից ավելի դատական գործընթացի մեջ են մտել Գոհար Մելքոնյանն ու նրա հորեղբայրը՝ Հայկ Մելքոնյանը:

Հերթական դատական նիստին Գոհար Մելքոնյանի ամուսինը՝ Խաչատուր Շահինյանը միջնորդեց թույլատրել լուսանկարահանումն ու տեսագրությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստը հրապարակային է:

Մյուս կողմը՝ Հայկ Մելքոնյանն ըմբոստացավ՝ պնդելով, թե դեմ է նկարահանմանը: Դատավոր Աշոտ Աբովյանը, միանգամից միջամտեց՝ ասելով, թե իրեն չեն համոզել միջնորդության հիմքերը ու դեմ է նկարահանմանը, նրա հետ համակարծիք էր դատավոր Արա Բաբայանը, իսկ նախագահող դատավորը՝ Աշոտ Սարգսյանը, որոշեց արգելել որևէ տիպի նկարահանում, ընդ որում՝ դատավոր Աբովյանը հորդորեց տեսախցիկը հեռացնել լրագրողից, որպեսզի հանկարծ չնկարահանենք նիստը:

Դատարանն այս որոշումն ընդունելուց պարզաբանեց, թե նախկինում եղել է բացասական նախադեպ. առանց դատարանի թույլտվության նկարահանվել է նիստը (Նշենք, որ այս պարզաբանումը մեր կայքի հետ առնչություն չունի, քանի որ ոչ այս նիստը, ոչ էլ այլ նիստ Իրավաբան.net-ը չի լուսաբանել՝ օրենքի խախտմամբ):

Ինչևէ, նիստին կողմերը ներկայացրին մի շարք միջնորդություններ, Հայկ Մելքոնյանը ներկայացրեց գույքաթերթ և հողամասի ու բնակելի տան հատակագիծը: Դատական նիստին ներկա էր նաև Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը, նա դեմ չէր, որ փաստաթղթերը կցվեն գործին, միայն ասաց, թե որոշ էջեր չեն պահպանվել, իսկ հատակագծից էլ պարզ չէ՝ այդ գույքաթերթի հետ այն անմիջական առնչություն ունի, թե՝ ոչ, ուղղակի հողամասի հատակագիծ է:

Գոհար Մելքոնյանի ամուսինը՝ Խաչատուր Շահինյանը նշեց, որ փաստաթղթերում, որը իրեն տրամադրվել է նախաքննական մարմնի կողմից, նման էջեր չկան, իսկ տիկին Գոհարն էլ հայտարարեց. «Ես այստեղ մի բան չհասկացա, ներկայացված փաստաթղթում ասվում է, թե պատկանում Մելքոնյան Սարգիս Վանոյի, ես չհասկացա՝ ո՞վ ա Վանոն ընդհանրապես, ես ինչ ծնվել եմ, գիտեմ Մելքոնյան Սարգիս Սիմոնի, ո՞վ է Վանոն»,- Հայկ Մելքոնյանն էլ արձագանքեց. «Մի հատ վրիպակ է եղել ընդամենը», «Հայրանուն է, ո՞նց կարող է վրիպակ լինի»,- պատասխանեց տիկինը:

Բացի այդ, նիստին Հայկ Մելքոնյանը ներկայացրեց հողի ակտ՝ ասելով, թե իր սեփականության իրավունքն առաջացել է հողի ակտով, պարոն Շահինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ուշադրություն դարձնենք կնիքին` խորհրդային կնիք է՝ տրված գյուղխորհրդի կողմից: Հիշեցնեմ՝ 1993թ. գյուղխորհուրդը լուծարվել է, պետք է կնիքը դնեին ու հեռանային, 1995թ. սեփականության ակտը տրվել է, այդ ո՞նց է ստացվում, որ գյուղխորհրդի լուծարումից երկու տարի անց է միայն կնիք դրվում, այս ակտը կեղծ է, նույնն էլ ներկայացված գույքաթերթը: Հայկ Մելքոնյանը ցանկանում է տիրանալ հարազատ եղբոր իրավահաջորդի գույքին»,- ասաց նա, իսկ Կադաստրի ներկայացուցիչը հավելեց, որ թեև գյուղխորհուրդները լուծարվել էին, բայց դրանք գործարքներ կատարել են մինչև 1995թ.-ը, նա անգամ պնդեց, թե կա կառավարության որոշում, սակայն դժվարացավ որոշման համարն ասել ու այն ներկայացնել դատարանին:

Նիստն անցնում էր բավականին լարված մթնոլորտում, վիճաբանություններ էին լինում կողմերի միջև, օրինակ՝ Շահինյանն իր հայտարարության մեջ Մելքոնյանին մասին խոսելով ասաց, որ նա «գործ տվողի դերում է եղել»,- վերջինս էլ վիրավորեց Մելքոնյանին:

Միջանցքում նույնպես վեճ էր ծագել Գոհար Մելքոնյանի և Հայկ Մելքոնյանին միջև:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել