«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
Վերը նշված իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:
Այդ վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:
Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթներից` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր և հաշվետվություներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել»։