Ինչպե՞ս վարորդը վերացրեց ՃՈ-ի տուգանքի որոշումը

 

Դիմելով դատարան Սևակ Արշակյանը պահանջել է անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության կազմած տուգանքի որոշումը:

Նա տուգանվել է ծառայության տեսանկարահանման միջոցով: Ըստ որի՝ վարորդը Երևանի Արշակունյաց-Լուսավորիչ խաչմերուկի հատվածում չի պահպանել գծանշման պահանջը, որը նախատեսված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով (իրավախախտումն արձանագրվել է 2014թ.-ին):

Նշվածի հիման վրա հայցվորը տուգանվել է 5.000 ՀՀ դրամով: Մինչդեռ, հայցվորի համոզմամբ իր կողմից որևէ իրավախախտում թույլ չի տրվել:

Գնահատելով Ծառայության պաշտոնական համացանցային կայքում վիճարկվող որոշմամբ ամրագրված նույնականացման համարի ներքո գտնվող տեսանյութում արծարծված իրողությունը` դատարանը փաստում է, որ դրա հիմքով հնարավոր չէ ընդգծել վիճարկվող որոշմամբ նշված պահին Երևանի Արշակունյաց-Գ.Լուսավորիչ փողոցների հատմամբ ձևավորված խաչմերուկի հատվածում «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ»-ով (այսուհետ` Կանոններ) սահմանված ճանապարհային հորիզոնական որևէ գծանշման կանոնի խախտման փաստ: Այսինքն, վիճարկվող որոշմամբ մատնանշված փաստն առ այն, որ հայցվորը որոշմամբ ընդգծված պահին խախտել է Կանոններով սահմանված ճանապարհային հորիզոնական գծանաշման պահանջները, գործով ձեռք բերված ապացույցներով չհաստատվեց: Հետևապես նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով սույն դեպքում որոշման ընդունման համար հիմք ծառայեցված փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը, իսկ վարչական հարկադրանքի հանգեցնող փաստը գործի քննությամբ մնաց չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները պետք է կրի պատասխանող կողմը (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 29, մաս 1-ին):

Նման պայմաններում դատարանը փաստում է, որ իրավախախտումը ոչ իրավաչափորեն է վերագրվել հայցվորին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ և միաժամանակ այն ոչ իրավաչափորեն միջամտում է հայցվորի իրավունքներին:

Այնպես որ դատարանը վճռել է Սևակ Արշակյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել ՃՈ կազմած ակտը, ծառայությունից բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել