Բնակարան գնելու մատչելի հնարավորություն երիտասարդ ընտանիքիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 4-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպած «ՀՀ ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի թեմայով խորհրդարանական լսումներին:

Կարևորելով օրենսդրական հանձնաժողովների կողմից հրավիրած քննարկումը՝ նախարարը նշել է, որ այսօր խիստ արդիական է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը: Ժողովրդագրական իրավիճակը համարելով ազգային անվտանգության բաղադրիչ՝ նախարարը կոչ է արել համակարգված կերպով իրագործել ժողովրդագրական բարելամանն ուղղված միջոցառումները, անկախ այն հանգամանքից՝ դրանք նախատեսված են բյուջեով, թե ոչ:

Նախարարի խոսքով՝ քննարկվող նախագիծն արդեն իսկ ներկայացված է ՀՀ կառավարություն և առաջիկայում կլինեն քննարկումներ, իսկ հաստատումից հետո, միջոցառումները կսկսեն իրագործվել փուլ առ փուլ:

Նախարար Ասատրյանը բազմաբովանդակ ու լայնաշերտ նախագծից առանձնացրել է այն երեք կարևոր առանցքային ուղղությունները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում էականորեն կփոխվի երկրի ժողովրդագրական պատկերը. դրանք են՝ բնակարանային ապահովության, զբաղվածության, և առողջապահական խնդիրները: Այս երեք հիմնական ուղղություններով տարվող պետական քաղաքականությունը միտված է, որպեսզի հայաստանաբնակները շահագրգռված լինեն մնալ և ստեղծագործել Հայաստանում, ասել է նախարարը: «Պետք է հաշվի առնենք, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են, դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, բայց օր առաջ պետք է ներդնենք այն կառուցակարգերը, որոնք նախատեսում են իրավիճակի բարելավմանն ուղղված առարկայական միջոցառումներ և, ամենակարևորը, համախմբելու են բոլորիս ջանքերը»,­-նշել է նախարարը:

Անդրադառնալով, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին՝ նախարարը ընդգծել է կանխավճարի հանգամանքը, որը երիտասարդ ընտանիքների համար հիմնականում դժվարություններ է ստեղծում բնակարան ձեռք բերելու հարցում և շաղկապվում է զբաղվածության հարցի հետ, հատկապես եթե աշխատավարձերը ցածր են: «Ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել: Սա կարող ենք իրագործել սոցիալական բնարականային ֆոնդի ձևավորման նոր ռազմավարությամբ»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացված նախագծի համաձայն, հնարավոր է ձեռք բերել բնարակարաններ առաջնային և երկրորդային շուկաներից մինչև 15 մլն դրամով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ տարեկան մարելով առավելագույնը 12%, որի 2% կսուբսիդավորվի պետության կողմից:

Բնակարանային ծրագրի հաստատման արդյունքում 30 տարի շարունակ տարեկան 1 միլիարդ դրամ ներդնելով՝ հնարավոր է լուծել Հայաստանում բնակարանային ապահովության խնդիր ունեցող մեծաթիվ ընտանիքների խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել