ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» և Կրթության գերազանցության ազգային ծրագրերը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային բակալավրիատի ազգային ծրագիր, որն այս պահին դիտվում է պետական կրթական չափորոշչին համապատասխանող փորձնական-այլընտրանքային կրթական ծրագիր՝ գերազանցության համաշխարհային կրթական պլատֆորմների հենքով /համարժեք a-level մակարդակին/:
«Այբ» կրթական հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն ունի ազգային կարևոր առանձնահատկություն: Նախարարին զեկուցվել է, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ:
Կարևորելով ծրագրի գաղափարը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է գերազանցության ծրագրի դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում. «Շատ կարևոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետևյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետևից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարևոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության զարգացման համար»,- շեշտել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերազանցության կենտրոն-դպրոցների ընտրության, ֆինանսավորման, քննությունների արդյունքների ճանաչման և համադրելիության խնդիրներին:
Քննարկման արդյունքում նախարար Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաև կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության չափանիշները: