Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանումէ տարածել ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման ընթացքում բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշվում է.
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռևս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վ.Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին:
Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ:
Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ: Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ ևս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ և պառկել մահճակալին: Նույն օրը՝ ժամը 00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, և երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետև հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, և պառկել է միջանցքի գետնին:
Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ.Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որևէ հետք չի հայտնաբերվել: Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի թիվ 20 և 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որևէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել:
24.02.2016թ. Վ. Գասպարին իր իսկ խնդրանքով տեղափոխվել է թիվ 006 խուց և հիմնարկի պետին դիմում է ներկայացրել հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին: Նկատի ունենալով, որ ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվում է հետաքննություն, հուսով ենք, որ հասարակության շահագրգրռ անդամներն այսուհետ զերծ կմնան հիմնազուրկ հայտարարություններ տարածելուց: Հետաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Իրավաբան.net