Վարդգես Գասպարին երկու օր շարունակ հացադուլի և ջրադուլի մեջ է եղել, նրա նկատմամբ երեք օր բռնություններ ու խոշտանգումներ են իրականացվել: Իրավաբան.net-ի զրույցում հայտարարեց Գասպարիի իրավունքների պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը. «Սեռական հայհոյանքներ են նրան տվել, ջուր էին լցնում խցակիցները նրա վրա»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Մենք փաստաբանին հիշեցրինք, որ երեկ Արդարադատության նախարարը ԱԺ-ում հայտարարել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գասպարիի և խցակիցների հետ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ նա սկսել է գետնին պառկել, այդուհանդերձ Արփինե Հովհաննիսյանը շեշտել էր, որ նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել. ըստ գերատեսչության ղեկավարի՝ Գասպարին բժիշկներին փոխանցել է, որ իրեն չեն ճնշել. «Որևէ կերպ մարդու նկատմամբ բռնություն ընդունելի չէ, անկախ նրանից նա պառկում է, ջուր չի խմում կամ էլ հաց չի ուտում: Նա դրանով որևէ մեկի իրավունքը չի սահմանափակում»,- մեկնաբանելով նախարարի հայտարարությունն՝ ասաց փաստաբանը:
Գասպարիին տեղափոխել են մի քանի հոգանոց խուց, փաստաբանը փոխանցեց, որ նրա հետ կա ևս 4-5 անձ:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախորդ ուրբաթ օրը, երբ Գասպարին կալանավորվեց, պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել, որը երկուշաբթի օրը ուղարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, այսօր վերջին օրն է, երբ օրենքի սահմաններում պետք է նիստ նշանակվի, դեռ չեն ծանուցվել: