Երբ խախտումը կատարել եք ոչ ձեր կամքով. ականատեսների վկայությունները

Հարց: Կատարել եմ երթևեկության կանոնների խախտում, բայց խախտումը կատարել եմ այլ մեքենայի ստեղծած խոչընդոտի պատճառով: Ճանապարհային ոստիկանության մեքենան իմ առջև հայտնվել է խախտումը կատարելու պահին և նկարահանել է միայն իմ կողմից խախտում կատարելու պահը: Մյուս մեքենայի ստեղծած խոչընդոտը ՃՈ տեսուչները չեն նկատել:

Խախտումն իմ կամքից անկախ կատարելու փաստն ապացուցելու համար մեքենայում իմ հետ գտնվող անձինք կարո՞ղ են վկայություն տալ:

Պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են հանդիսանում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրությունները, տուժողի, վկաների ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

Ներկայացված իրավիճակում խախտում թույլ տված վարորդը կարող է միջնորդել (խնդրանք ներկայացնել), որպեսզի խախտմանն ականատես անձանցից վերցվեն բացատրություններ: Նման բացատրությունները հանդիսանում են ապացույցի տեսակ, և վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում կայացնելիս պաշտոնատար անձը պետք է գնահատական տա նաև այդ բացատրություններին:

Ականատեսների հայտնած տեղեկությունների արժանահավատությունը գնահատվում է գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա: Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ականատեսների վկայությունները կարող են լինել արժանահավատ, կամ կարող են հակասել այլ ապացույցների կամ այլ պատճառով լինել անարժանահավատ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել