Թաթոյանն այն մարդն է, որ ունի արդարության զգացողություն և ազնվություն. Ռուբեն Մելիքյան

Ինչպես հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածու է առաջադրված՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու իրավաբան Նարեկ Ալոյանը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ իր նախընտրած թեկնածուն Արման Թաթոյանն է: Նա նշեց նախընտրելի թեկնածուի կարևոր հատկանիշները՝  մասնագիտական և անձնական  բարձր որակներ:

Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը միասին աշխատել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման հանձնախմբում: Ռ. Մելիքյանը նշեց, որ Արման Թաթոյանի թե Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, թե արդարադատության նախարարությունում աշխատանքի ընթացքում ձեռք է բերել այնպիսի կարևոր մասնագիտական հմտություններ, որոնք կարևոր են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը որակյալ կատարելու համար:

Ռուբեն Մելիքյանը կարևորեց նաև նրա անձնային որակները՝ հաստատակամությունը, կազմակերպական հմտությունները, արդարամտությունը. «Ես վստահ եմ, որ Թաթոյանն այն մարդն է, որ արդարության և ազնվության զգացում ունի. Եթե, օրինակ, ես ՄԻՊ-ի կարիք ունենամ թույլ հարցով, իսկ մեկ այլ քաղաքացի դիմի ՄԻՊ-ին ավելի կարևոր հարցով, ապա նա նախապատվությունը կտա այդ անձին, ում չի էլ ճանաչում: Ես արդարամտության գործոնը հատուկ ուզում եմ կարևորել»:

Իսկ այն հարցին, թե առաջադրված երեք թեկնածուներից ո՞վ է առավել հանրաճանաչ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Ես դժվարանում եմ այդ չափանիշը գնահատել,  որովհետև դա օբյեկտիվ գնահատման չի ենթարկվում:  Անձամբ ես երեք թեկնածուներից մեկի մասին (խոսքը Նարեկ Ալոյանի մասին է,-հեղ.) որևէ  տեղեկություն չունեմ, գուցե ես բացառություն եմ և նա հանրաճանաչ է: Մյուս երկուսը, իմ պատկերացմամբ, հանրաճանաչ են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել