Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 24-ամյա Ալբերտ Մոմջյանը ամբաստնյալի իր 68-ամյա տատիկին՝ գործարար, «Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր Սիլվա Գալստյանին դաժանաբար սպանելու համար առաջաին ատյանի կողմից դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման:
Սակայն այս գործով ամբաստանյալի պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանը վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և փոփոխել, նրա արարքը որակել որպես անզգուշությամբ մահ պատճառելը և նրան ենթարկել պատասխանատվության ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Գուրգեն Մարտիրոսյանը հայտնեց, որ վերաքննիչ ատյանը հունվարի 25-ին մերժել է իր նեևրկայացրած բողոքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել ուժի մեջ: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են նաև վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնել, փաստաբանը պատասխանեց, որ դեռևս չեն որոշել: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ մեծ հույսեր պետք չէ ունենալ:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Ալբերտ Մոմջյանը, ժամանակավորապես բնակվելով իր տատի բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը:
Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցը սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել տատին ու դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով կնոջ դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: