«Գոնե մորս տեղը ասա, մերս առանց գերեզման չմնա». հայրը՝ ամբաստանյալ որդուն

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց տատի սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Ալբերտ Մոմջյանի գործով դատավարությունը:

Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարեց, որ իրեղեն ապացույցները ամբողջությամբ չէին ստուգվել, որովհետև պետք է հետազոտվեին  նաև զարդերը:

Զարդերի փաթեթը հետազոտելուց հետո խոսքը տրվեց ամբաստանյալին: Ալբերտ Մոմջյանը իրեն մեղավոր ճանաչեց մասնակի. «Գողություն չեմ արել, սպանությունն էլ ստացվել է»: Նա պատմեց, որ մինչև դեպքի տեղի ունենալը, տատի հետ զրույց է ունեցել և նրան պատմել է իր մտատանջությունների մասին: Տատը հասկացել է, որ խոսքը պարտքերի մասին է և հարցրել է. «Էլի խաղում ե՞ս»: Զրույցից հետո նա  խոստացել է օգնել և ոսկեղենը տվել է, որպեսզի Ալբերտը գրավ դնի: Դրանից հետո տատը «Վիվառո» բուքմեյքերական ընկերության թղթեր է գտել թոռան մոտ և հասկացել, որ նա շարունակում է խաղալ: Նորից պարտքերի մեջ լինելով՝ Ալբերտը տատի տված ոսկեղենը, որն արդեն իսկ գրավ է դրված եղել, հանել է և փոխել քարերը:

Դեպքի օրը  տատը զանգահարել է Ալբերտին և ասել է՝ գա Ձորաղբյուրի իրենց ամառանոց, որպեսզի մեքենան սարքի:  Ձորաղբյուրում տանը եղած ժամանակ նրանք  սկսել են վիճել, Ալբերտը ցանկացել է գնալ,  տատը քաշքշել, ճանկռել է իր հագուստները և ցանկացել է մեքենայի բանալիները վերցնել: Ինքը ուժեղ հրել է, տատն ընկել է: Ալբերտը մոտեցել է տատին, տեսել է, որ ականջից արյուն է գալիս և հասկացել է, որ մահացել է:

«Որոշեցի մարմինը մի տեղ թողեմ, ես էլ կորչեմ»,- ասաց Ալբերտը ու հավելեց, թե : Կատարվածի մասին ցանակացել է հորը պատմել, բայց վախեցել է:

Իսկ հայրը երբ արդեն հասկացել է, որ մորը սպանողը որդին է, ասել է, որ բոլոր ապացույցները որդու դեմ են . «Գոնե մորս տեղը  ասա, մերս առանց գերեզման չմնա»:

Ամբաստանյալի խոսքից հետո նրան հարցաքննեց դատախազը: Այն հարցին, թե ինչպես է 9-րդ հարկից միայնակ իջեցրել 70 կգ կնոջը, Ալբերտ Մոմջյանը պատասխանեց. «Վերելակով եմ իջեցրել ու տարել պահել»: Իսկ իր վրա եղած այտուցների հանգամանքը բացատրեց, որ բարկությունից պատերին է խփել ու ձեռքերը վնասել է:

Դատավորի այն դիտարկմանը, որ ամբաստանյալի ցուցմունքի և հոր ցուցմունքի միջև կան հակասություններ, ամբաստանյալը ասաց, որ պատճառն այն է, որ հայրն ուզում է իր վիճակն ավելի ծանրացնել:

Այն, որ տատի մահն արձանագրվել է շնչառական օրգանները սեղմելու հետևանքով, իսկ, ամբաստանյալի պատմածով, ծոծրակին է հարվածել, Ալբերտը պարզաբանեց, որ գուցե տատը այդ վնասվածքը ստացել է մեքենայի մեջ:

Հարցաքննությունից հետո պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ անցկացնելու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ այն համարելով անհիմն:

Պաշտպանի հաջորդ միջնորդությունը՝ վերացնելու տեսակցության արգելքը, դատարանը բավարարեց:

Մեղադրող կողմին ճառի պատրաստվելու համար տրամադրվեց ժամանակ. հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել