Տատին սպանելու մեջ մեղադրվողը ամենասիրելի թոռն է եղել. ցուցմունք տվեցին ընտանիքի անդամները

Գործարար, «Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր 68-ամյա Սիլվա Գալստյանի սպանության գործով այսօր հարցաքննվեցին չորս վկաներ՝ մահացածի դուստրը, թոռը, հարսը և ամառանոցի պահակը:

Սիլվա Գալստյանին պատկանող ամառանոցում որպես պահակ աշխատող և բնակվող Ջավադ Խուդավերդյանը պատմեց, որ վերջին անգամ տիկին Սիլվային տեսել է նախորդ տարվա սեպտմբերի 15-ին, նա ամառանոցից երևանյան իր բնակարան վերադառնալուց առաջ ջերմորեն հաջողություն է մաղթել, ասել, թե իրենցից շատ գոհ է: Այս ամենը նրան տարօրինակ է թվացել: Այնուհետև թոռան՝ ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի հետ նստել են իր ստիտակ Toyota Prado մեքենան ու մեկնել:

Պահակի խոսքով, վերջին օրերին Ալբերտը հիմնականում ամառանոցում է բնակվելիս եղել ու միշտ գիշերելիս է եղել տանը, սակայն դեպքի օրը տեսել է, թե ինչպես է նա ամառանոց գալիս երեկոյան, այնուհետև չի տեսել, թե ինչպես է տնից դուրս եկել և միայն տեսել է, որ նա առավոտյան վերադարձել է: Պահակի խոսքով, դարպասով ելումուտն ինքը վերահսկում է տեսախցիկների միջոցով, և քանի որ Ալբերտի դուրս գալը տեսախցիկը չի ֆիքսել, ենթադրում է, որ նա դարպասի վրայով է դուրս եկել:

Այս վկան պատմեց, որ Սիլվան իր կնոջ մոտ երբեմն դժգոհել է Ալբերտից, ասել, թե խաղամոլ է, չի աշխատում, տատ ու թոռան միջև որոշակի լարվածություն եղել է:

Ալբերտի հոր կինը՝ Ռուզաննա Մոմջյանը, սակայն դատարանում ասաց, թե Ալբերտը տատի ամենասիրելի թոռն է եղել՝ պատասխանելով նրանց միջև եղած հարաբերությունների մասին հարցին:

Անդրադառնալով դեպքին, մահացածի հարսը պատմնեց, որ այդ օրը սկեսուրը զանգել է իրեն, ասել, թե ամառանոցից բերք է բերում իրենց տուն: Ինքը տանը չի եղել ու ասել է, թե կգնա սկեսուրի տնից կվերցնի դեղձը: Երեկոյան ժամը 19:40-ի սահմաններում գնացել է սկեսուրի տուն, դռան ու հեռախոսի զանգերին չի պատասխանել: Վերադարձել է տուն, տալի հետ է խոսել: Վերջինս նույնպես փորձել է կապվել մոր հետ, սակայն ապարդյուն:

Մահացածի դուստրը՝ Արմինե Մոմջյանն էլ պատմեց, որ այդ օրը երբ զանգերին չի պատասխանել, կարծել է, թե նա դուրս է եկել զբոսնելու, իսկ ավելի ուշ էլ՝ հեռախոսն անջատել, քնել է: Իսկ ահա հաջորդ օրն առավոտյան նորից զանգերին պատասխան չստանալուց հետո գնացել է մոր տուն: Մինչ մոր տուն մտնելը, մտել է խանութ (մոր տան մոտ գտնվող «Օժիտ» խանութ), վաճառող աղջիկներից իմացել է, թե Ալբերտը տատի ավտոմեքենայի բանալիներն իրենց է փոխանցել, ասել, թե տարել լվացել-բերել է մեքենան:

Իսկ երբ մոր տուն է մտել, տեսել է, որ ամառանոցից բերված դեղձն ու հոնը գետնին են դրված, ինչը տարօրինակ է եղել, մայրը հաստատ սառնարանում դրած կլիներ: Ննջասենյակում էլ տեսել է, որ որոշակի իրեր այնպես չեն դրված ու ծալված, ինչպես մայրը կաներ: Անհետացած է եղել նաև մոր պայուսակը:

Ամբաստանյալի հորաքույրը նաև հայտնեց, որ իմացել է, որ Ալբերտը Vivaro բուքմեյքերական կենտրոնում խաղադրույքներ է արել, պարտքեր է ունեցել: Ավելին, դպրոցական տարիքում նա նույնիսկ վատ շրջապատում է հայտնվել, ստիպված դպրոցը փոխել են: Իսկ ավելի ուշ էլ մահացած կնոջ պայուսակից գումար է անհետացած եղել ու նա համոզված է եղել, որ գողացողն Ալբերտն է:  Սակայն այդ ժամանակ տատը միայն նախատիքներով է բավարարվել:

Ամբաստնյալի հորաքրոջ որդին էլ հայտնեց, որ երբ իմացել են տատիկի անհետանալու մասին, հարազատներով հավաքվել են ամառանոցում, որտեղ եղել է նաև Ալբերտը: Նրա ձեռքը վնասված ու այտուցված է եղել, սակայն թե ինչի պատճառով է այդպես եղել, չի հարցրել:

Հետաքրքիր է, որ մահացածի դուստրը հայտնեց, որ իր մայրը մոտ 80 կգ քաշ է ունեցել, իսկ ամբաստնյալ թոռը, ով մեղադրում է տատին սպանելու ու նրա դին 9-րդ հարկում գտնվող բնակարանից տեղափոխելու ու այրելու մեջ, բավականին փոքրամարմին ու նիհար է: Ի դեպ, նախորդ նիստին, ամբաստնյալի հայրը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էր Ալբերտը բավականին ծանր քաշ ունեցող կնոջը մենակ տեղափոխել:

Դատարանի որոշմամաբ հաջորդ դատական նիստին պետք է բերման ենթարկվեն և հարցաքննվեն ամբաստանյալի մայրն ու ընկերուհին, ովքեր նույնպես գործով վկա են անցնում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել