Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի 11 հոդվածի համաձայն` տուժողին պատճառված անձնական վնասներ են համարվում տուժողի առողջությանը պատճառված վնասները, դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև տուժողի մահը:
Նույն օրենքի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ ԱՊՊԱ պայմանագրով պարտադիր ապահովագրման ենթակա է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժողին պատճառված հետևյալ վնասներից. 1) անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ:
Տուժողի մահվան դեպքում հատուցվում է տուժողի մահվան հետևանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանց կրած վնասները։ Մասնավորապես, այդպիսի հատուցման իրավունք ունեն`
1) Կերակրողին կորցրած անձինք, այն է` տուժողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք, տուժողի մահվանից հետո ծնված նրա երեխան, տուժողի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է տուժողի խնամքի ներքո գտնվող նրա 14 տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով. տուժողի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո 5 տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:
2) տուժողի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարած անձինք: Տուժողի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարած անձանց այդ ծախսերը փոխհատուցվում են միանվագ` ապահովագրական հատուցումը վճարելու մասին ապահովագրողի որոշումն ընդունվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Այսպիսով ապահովագրական ընկերությունը օրենքով նախատեսված չափով պարտավոր է հատուցել տուժողի մահվան դեպքում նրա իրավահաջորդին
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով` տուժողի մահվան դեպքում վճարվող գումարը՝ տուժողի մահվան դեպքում օրենքի համաձայն նրա մահվան հետևանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանցից յուրաքանչյուրի կրած վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները: Սույն մասով նախատեսված վնասների հատուցման ենթակա ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը:
Եթե մինչև տուժողի մահը նրան վճարվել է սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով նախատեսված վնասների համար ապահովագրական հատուցում, ապա սույն մասով նախատեսված վնասները հատուցվում են ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի և այդ հատուցման չափի տարբերության սահմաններում