«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին:
Մասնավորապես, կարևոր նոր փոփոխություններից է աշխատանքային պայմանագրի բովանդակության. փորձաշրջանի պայմանների, ամենամյա արձակուրդի տեսակի և դրա տևողությանը վերաբերող դրույթները, որոնք պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում:
Ստորև ներկայացնում ենք, թե որ դրույթները պետք է նշվեն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և աշխատանքային պայմանագրում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`
1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.
2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).
5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.
7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.
8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.
9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).
10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
11) աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.
12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.
13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
2. Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ: