Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: Սա պաշտոնական լրահոսից: Այսօր Իրավաբան.net կայքի ֆոտոլրագրողը փորձեց պատկերասրահի ետևի մուտքի մոտ լուսանկարահանել նախագահին:
Նախ մեր ֆոտոլրագրողին մոտեցավ նախագահի թիկնապահներից մեկն ու խնդրեց ազատել երթևեկելի հատվածը, լուսանկարահանումն իրականացնել մայթից:
Երբ փորձեցինք մայթից նկարահանել մոտեցավ ոստիկանը ու պահանջ դրեց հետ գնալ:
Փոխանցեցինք, որ արդեն իսկ թիկնապահը պահպանել է անվտանգության նորմերը, սակայն ոստիկանը համառեց՝ պնդելով իր, այսպես կոչված, «օրինական» պահանջը, անգամ փորձեց հիմնավորել:
Հայտարարեց, որ ինքն իրավունք ունի ֆոտոլրագրողի աշխատանքը խոչընդոտել ՀՀ Ոստիկանության մասին օրենքի 22-րդ, իսկ Սահմանադրության՝ 44-րդ հոդվածով:
Նման դեպքեր հաճախ են պատահում, երբ ոստիկաններն ուղղակի կերպով խոչընդոտում են լրագրողների և քաղաքացիների իրավունքները, իսկ այն ոստիկանները, ովքեր աչքի են անցկացրել Սահմանադրությունը կամ էլ Ոստիկանության մասին ՀՀ օրենքը, ապա փորձ են անում իրենց պնդումը ամրագրել օրինական հիմքերով:
Բնականաբար լրագրողները, առավել ևս շատ քաղաքացիներ, ովքեր մասնագիտությամբ իրավաբան չեն, կդժվարանան պարզել ոստիկանի մատնանշած հիմքեր:
Ինչևէ, տվյալ դեպքում պետք է արձանագրենք, որ նոր Սահմանադրության 44-րդ հոդվածում խոսք է գնում հավաքների ազատության և հավաքները սահմանափակելու մասին, այնպես որ սա լրագրողի կամ քաղաքացու տեղաշարժը արգելող օրինական պահանջ չէ: Բացի այդ, Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետով, իսկապես ոստիկանին իրավունք է վերապահվում ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես անում էին պատկերասրահի ետնամասում ծառայություն իրականացնող ոստիկանները, նրանք պարզապես թույլ չէին տալիս քաղաքացիներին առաջ գնալ, քանի դեռ նախագահը չի մտել պատկերասրահ: Այստեղ մի կարևոր բացառություն կա, որը պետք է իմանան հատկապես այս ոստիկանները, այն է` օրենքն այդ լիազորություններով օժտում է ոստիկաններին՝ քաղաքացիների կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:
Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ:
Այնպես որ, որևէ խոսք չկա նախագահի կամ այլ պաշտոնյայի այցելության ժամանակ քաղաքացիների ու լրագրողների իրավունքների սահմանափակման մասին:
Վերջում ներկայացնում ենք լուսանկարները, որոնք բավականին վատ են ստացվել, որովհետև «օրինապահ» ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս մոտենալ Սերժ Սարգսյանին: