Զգոնությունը չպետք է կորցնել. հորդորում են առողջապահության նախարարությունից

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Եվրոպական տարածաշրջանում 59% դեպքերում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Վարակը բավական մեծ աշխուժացում է գտել մի շարք երկրներում` Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և այլ երկրներում»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ԱՀԿ անդամ 32 երկիր հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների աշխուժացման միտում է արձանագրվում: Աշխուժացումը նկատելի է ընթացիկ տարվա յուրաքնաչյուր շաբաթվա ընթացքում: Գրիպի Ա տեսակի (H1N1) ենթատեսակը ծանր սուր շնչառական վարակների նկատմամբ շարունակում է գերակշռել հատկապես եվրոպայի արևելյան հատվածում, այն էլ` հիմնականում 15-64 տարեկան անձանց շրջանում:

Այսպիսով, գրիպի 2015-2016 սեզոնը բնորոշվում է գրիպի Ա տեսակի (H1N1) ենթատեսակով, որն ինչպես հայտնի է առաջացնում է հիվանդության առավել ծանր ընթացք և մահվան ելքեր, քան գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:

Սկսած 2015 թվականի 52-րդ շաբաթից Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ ԱՀԿ հաղորդել են ծանր սուր շնչառական վարակների թվի ավելացման մասին՝ պայմանավորված գրիպի Ա տեսակի (H1N1) ենթատեսակով: Բացի դրանից, Եվրոպայի արևմտյան հատվածի երկրները, սկսած այս սեզոնի սկզբից, հաղորդել են վերակենդանացման բաժանմունքներում լաբորատոր հաստատված գրիպի 158 385 դեպքի մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին, ապա պատկերը հետևյալն է։ 2016 թվականի հունվարին, հիմնականում տոնական և առաջին հետտոնական օրերին, արձանագրվել է սուր շնչառական վարակների աշխուժացում, որին էլ նպաստել են ջերմաստիճանի կտրուկ նվազումը, տոնական օրերին ակտիվ շփումները և գրիպի շրջանառող հարուցիչը (հիմնականում՝ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ): Այսինքն՝ 2016 թվականի հունվարի ընթացքում հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի լարվածություն՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնային ակտիվությամբ:

Սակայն ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, իսկ նույն վարակների ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում:

Հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է 59% -ով: 46%-ով նվազել Է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների հաստատման և արդյունքների նույնականացման, ինչպես նաև առավել խորը լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով (վիրուսի գենային մակարդակում փոփոխությունների պարզաբանման համար) նմուշներ են տեղափոխվել ինպես ԱՀԿ տարածաշրջանային, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ռեֆերենս լաբորատորիաներ: Սակայն վերջերս ԱՀԿ պաշտոնական կայք էջում հրապարակվել է տեղեկատվություն, որ ընթացիկ սեզոնի գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը գենային մակարդակում փոփոխությունների չի ենթարկվել:

Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ հանրապետությունում առկա իրավիճակը համահունչ է եվրոտարածաշրջանի երկրներում առկա իրավիճակի հետ, ինչպես նաև անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացումների գրեթե 15%, իսկ պոլիկլինիկական կազմակերպություններ և շտապ օգնության դիմած հիվանդների գրեթե 50-60% նվազում: Այսօր հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդանոցային բուժում է ստանում մոտ 700 քաղաքացի` հիվանդության բարձրացման օրերի 1100-1200-ի փոխարեն։

Արտավազդ Վանյանը նաև պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Պետական պատվերի շրջանակում բուժման կազմակերպմանն առնչվող հարցերին պատասխանեց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը։ Նա նշեց, որ հունվարի 1-ից առ այսօր հանրապետության հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդության, գրիպի հետևանքով առաջացած բարդություններով բուժօգնություն է ստացել և շարունակում է ստանալ շուրջ 3 հազար քաղաքացի։ «Հիվանդանոցային դեպքերի մոտ 60 %-ը, այդ թվում` մինչև 7 տարեկան երեխաները, պետական պատվերի շահառուներ են եղել։ Միաժամանակ, հաշվի առնելով հիվանդության տարածումը զսպելու անհրաժեշտությունը և կարևորությունը, նախարարի հրամանով հունվարի 1-20-ը` անկախ սոցիալական խմբից, բոլոր քաղաքացիների բուժօգնությունն իրականացվել է անվճար»,-ասաց Սարո Ծատուրյանը` հավելելով, որ հունվարի 20-ից հետո բուժում ստացող այն քաղաքացիները, ովքեր կդժվարանան վճարել սուր շնչառական հիվանդության, գրիպի հետևանքով առաջացած բարդություններով բուժօգնության համար` կարող են օգտվել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման ընձեռած հնարավորությունից։ Այն է սահմանում է, որ ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև պետական պատվեր իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունները իրավասու են իրենց լիազորությունների սահմաններում (պետական պատվերի համապատասխան ծրագրերի պայմանագրական գումարների 5-ական տոկոսների շրջանակներում) սոցիալական խմբերում չընդգրկված քաղաքացիներին աջակցել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ու դրա բարդությունների ժամանակ պետական պատվերի շրջանակում բուժօգնությունն իրականացնելու հարցում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության դեպքերի գրեթե 80% -ը դեռևս կազմում են 0-18 տարեկան երեխաները, ինչպես նաև հիմք ընդունելով եղանակային ցածր ջերմաստիճանը և վերջինիս նվազման միտումը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել զգոն և կրկին հիշեցնում.
– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն բժշկի կողմից,
– հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
– հետևե´ք անձնական հիգիենային:

Առողջապահության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել