Ո ՞ր դեպքերում կարող են վերցնել ձեր անձնագիրը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է անձնագիրը վերցնելու դեպքերը, մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են անձնագիրը վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (լրացել է դրա վավերականության ժամկետը), 2-րդ (անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց), 5-րդ (անձնագիրը կեղծվել է) և 6-րդ (անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ) կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր: Անձնագիրը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է անձնագիրը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Վերը նշված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած ոստիկանության մարմին, բացի ներքոնշյալ դեպքերից, այն է.

Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը: Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:

Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել