Ինչպես հայտնել էինք, երեկ ձերբակալվել, իսկ այսօր ազատ է արձակվել մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, ով ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով կասկածյալ է անցնում:
Գործով տուժող ճանաչված Մերիի հոր շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ Մերիի հարազատներին զայրացրել է բշկուհու ազատ արձակման որոշումը և իրենք պատրաստվում են օրենքի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի վերջինս չխուսափի արդարադատությունից. «Իրենք չեն հաշտվում, կատարվածը շատ դաժան է: Շատ վճռաբական են տրամադրված և օրենքի սահմաններում ամեն ինչ անելու են»:
Մասնավորապես, Մ. Թովմասյանը նշեց, թե քանի որ արդեն իսկ հաստատված է բժշկուհու մեղքի առկայությունը, ապա պետք է նրան մեղադրանք առաջադրվի և դատարանին միջնորդություն ներկայացվի նրա հանդեպ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այդ դեպքում իրենք միջնորդելու են՝ թույլ տալ նաև տուժող կողմին մասնակցել այդ դատական նիստին: Եվ եթե կալանքից ավելի մեղմ խափանման միջոց ընտրվի, ապա բողոքարկելու են այդ որոշումը:
«Մենք մինչ այս զերծ էինք մնում հայտարարություններ անելուց, բայց արդեն քննչական կոմիտեն հրապարակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ երեւում է, որ եթե ծննդալուծում, բժշկական օգնություն շուտ ցույց տրվեր, ապա հավանականությունը մեծ էր, որ Մերին և երեխան կփրկվեին: Այսինքն, նրա մեղքի առկայությունը հաստատվում է և պետք է մեղադրանք առաջադրվի»,- ասաց փաստաբանը: