Վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։
Գրիպով և սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։
Նշենք, որ հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:
Հերթական շրջայցից հետո ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ հունվարի 18-ի դրությամբ շուրջ 30 տոկոսով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը: Նրա խոսքով` իրականացված լայնածավալ միջոցառումների շնորհիվ, այսօրվա դրությամբ հանրապետության ծննդօգնության որևէ հիմարկում չկա արհեստական շնչառության սարքին միացված հղի կին:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարևան երկրներում հիվանդացության լայն տարածվածությունը, բնակչության ակտիվ տեղաշարժը և այն հանգամանքը, որ դեռևս գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, հորդորում ենք չթուլացնել զգոնությունը։
Գրիպից և սուր շնդառական վարակներից խուսափելու նպատակով հորդորում ենք ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին, չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը, ստանալ պատշաճ մասնագիտական բժշկական օգնություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չընդունել հակաբիոտիկներ։