Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն ավելի ազատ և անկախ գտնվեց, քան հարևան Վրաստանում: Կարծում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Բացասակնն այն է, որ իշխանությունները լուրջ և հարգանքով չեն վերաբերում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ընդհանրապես՝ Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք չունեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ պարոն Զեյնալյանի՝ որպես կանոն պաշտպանի զեկույցներից հետո իշխանությունների կողմից հստակ գործողություններ ու հետևանք պետք է առաջանան. «Հայաստանում այդ զեկույցները հետևանք չեն առաջացնում, հանդես են գալիս հակընդդեմ հայտարարությամբ, քննադատությամբ, սարկազմով կամ ձեռ են առնում: Իշխանությունները պետք է վերացնեն արձանագրված խախտումը, որպեսզի հաջորդ զեկույցում դա չլինի, սակայն սա մեր երկրում բացակայում է»,- այնպես որ իրավապաշտպանը
Կարեն Անդրեասյանի հրաժարականը իրավապաշտպանին չի գոհացրել, դրդապատճառները խորհրդավոր են մնացել: «Կարծում եմ՝ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականից ավելի շատ պետք է անհանգստանային իշխանությունները, ինչպես տեսնում եմ՝ ավելի շատ անհանգստացած է քաղաքացիական հասարակությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նա գտնում է, որ մեր երկրում մարդու իրավունքները իրավիճակը բավականին վատ է, չկան իշխանափոխության օրինական ժողովրդավարական ինստիտուտներ, անկախ չէ դատական համակարգը, իսկ դատավորները՝ անպաշտպան: Բացի այդ, չափից ավելի շատ ոստիկան կա երկրում. «Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում հասարակությունն օտարված է իշխանություններից և իշխանությունները ոստիկաններով են պաշտպանվում հասարակությունից»,- եզրահանգեց պարոն Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե նոր օմբուդսմենի պաշտոնին շրջանառվում է նաև իր անունը, պարոն Զեյնալյանը այս հանգամանքին չանդրադարձավ՝ նշելով, որ խնդիրն ավելի լուրջ է, քան նման խոսակցությունները քննարկելը:
Գ.Թ.