48-ամյա Մխիթար Պետրոսյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել բեզոարյան այժի անթույլատրելի որս կատարելու համար: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ ներկայումս քննվում է վերաքննիչ ատյանում:
Համաձայն գործի նյութերի՝ նա 2015թ. հուլիսի 4-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Արտաբույնք գյուղի «Արծաթ աղբյուր» կոչվող տարածքում իր «Սայգա» տեսակի որսորդական ակոսափոխ հրացանով 1 հատ բեզորարյան այծի որս է արել և պետությանը հասցրել խոշոր չափի 3 միլիոն դրամի նյութական վնաս: Բեզոարյան այծի որսը ՀՀ օրենսդրությամբ արգելված է:
Առաջին ատյանի դատարանը նրան մեղագրված արարքում մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ նշանակել պատիժ երկամսյա կալանք: Սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները և 2 ամիս ժամկետով կալանքի ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Գոծի քննության ընթացքում մեղադրող դատախազի կողմից նաև քաղաքացիական հայց է ներկայացված եղել՝ պատճառված վնասը փոխահատուցելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակիորեն: Դատարանը պարտավորեցրել է ամբաստանյալին վճարել 2.3 միլիոն դրամ: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված «Սայգա» հրացանը բռնագրավվել է հօգուտ պետության:
Այս դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում: Գործը քննության փուլում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: