Ցանկալի կլիներ, որ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հստակ ներկայացներ իր հրաժարականի դրդապատճառները: Նշում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը. «Ամենայն հավանականությամբ, սա անձնական բնույթի խնդիր չէ, դա հանրային բնույթի հարց է, հանրությունն իրավաչափ սպասելիք ունի, որ ամեն ինչ շարադրվի, թե ինչ է տեղի ունեցել: Հուսով եմ՝ մենք կիմանանք՝ վաղ, թե՝ ուշ»,- ասաց պարոն Ղազարյանը՝ հավելելով, որ ինքը ցավում է Կարեն Անդրեասյանի նման որոշմամբ. «Իմ կարծիքով՝ նա լավ էր աշխատում, շատ ինստիտուցիոնալ երանգներ հաղորդվեց այդ ինստիտուտից: Ներքին տարբեր օղակները աշխատում էին, ինչպես նաև մեծ քանակությամբ զեկույցներ էին պատրաստվում»:
Արա Ղազարյանը միայն համամիտ չէ 2013թ.-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ արտահերթ զեկույցի մեթոդոլոգիայի հետ. «Մնացած առումով դրական եմ գնահատում նրա գործունեությունը, Կարեն Անդրեասյանը մեկ կամ երկու աստիճան բարձրացրեց գրասենյակի գործունեության արդյունավետությունը»,- ասա պարոն Ղազարյանը:
Մեր զրուցակիցն իրեն չի պատկերացնում Մարդու իրավունքների նոր պաշտպանի դերում. «Այդ մասին ես երբեք չեմ մտածել, ավելի շատ ինձ պատկերացնում եմ հետազոտողի դերում, մեծ մասը նման աշխատանքներ եմ կատարում, ինչպես նաև զբաղվում եմ դատական գործերով»:
Ինչևէ, նոր պաշտպանի առջև ծառացած մնում են բազմաթիվ խնդիրներ, իսկ առաջնայինները, ըստ պարոն Ղազարյանի, նախ արգելված վերաբերմունքն է՝ հիմնականում ոստիկանության կողմից, հետո դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև խտրականության արգելքը. «Այս ոլորտը բաց է մնացել: Եթե ապագայում ընդունվի խտրականության արգելքի վերաբերյալ օրենք ու կարգավորող մարմինը նախատեսի, որ պետք է լինի օմբուդսմենի կառույցի ներքո, այստեղ մեծ անելիք կա»,- ընդգծեց իրավաբանը՝ շեշտելով, որ ընդհանրապես մեր հասարակությունը պետք խտրականության արգելքի կառուցվածքը լավ հասկանա. «Մենք դարձել ենք չափից դուրս անհանդուրժող, սա ամենակարևոր ուղղություններից մեկն է, որ ես կարևորում եմ՝ հաջորդ օմբուդսմենը մեծ աշխատանք պետք է կատարի այս ուղղությամբ»:
Գևորգ Թոսունյան