Facebook-ում սպանելու սպառնալիքների համար քրեական գործ է հարուցվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից իր հասցեին  սպանության սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա։

Զ.Հովհաննիսյանը 2016 թվականի հունվարի 5-ին գրավոր հաղորդում է ներկայացրել  ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն առ այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ոմն Անդրե Մակարովը նույն կայքում հաղորդագրությունների միջոցով  իր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Պարզվել է, որ Անդրե Մակարովը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը, ով 2016 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:58-ին, գաղտնի պահելով իր ով լինելը,  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով վիրավորել է նույն ցանցի օգտատեր Զարուհի Հովհաննիսյանին և վերջինս հասցեին տվել սպանության սպառնալիքներ, ապա` արգելափակել իր էջը։

Նշված գործողությունները  Զարուհի Հովհաննիսյանի մոտ առաջացրել է տագնապի, վտանգի զգացում և վերջինս Ա.Ավետիսյանի սպառնալիքներն ընկալել է իրական՝ իրականացման համար ու հաջորդ օրը  ներկայացրել է գրավոր հաղորդում։

Նախապատրաստված նյութերն ստացվել են Արաբկիրի քննչական բաժնում։

Նկատի ունենալով, որ  նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, և Զ.Հովհաննիսյանը պնդել է իր բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հունվարի 15-ին հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել