Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:
Մասնավորապես, այսօր ընդունված ՆՀ-Ա-7 հրամանագրում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»:
Իսկ ՆՀ-Ա-5 հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դսպանի պաշտոնից ազատվել է Տիգրան Սարգսյանը. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Տիգրան Սարգսյանին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նշենք, որ այսօր ընդունված ՆՀ-Ա-6 նախագահի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: