Գյումրեցիները կնախընտրեին, որ մահապատիժը գործեր

Մեկ տարի անց այս օրը՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների սպանության դեպքը: Սպանվեցին հայ ընտանիքի 7 անդամներ: Սպանության մեջ մեղադրվում է ՌԴ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Հանրապետության տարածքում, այդ թվում՝ Գյումրիում այսօր տեղի են ունեցել մոմավառություններ: Առ այսօր գյումրեցիների շրջանում կա դժգոհություն: Թեև մեր երկրում 2003թ.-ից ի վեր մահապատիժ չի կիրառվում, սակայն այստեղ՝ Գյումրիում ինչպես շատ քաղաքացիներ, այնպես էլ անգամ փաստաբաններ, կողմ են, որ Պերմյակովը ենթարկվի նման պատժի:

Փաստաբաններից Գոհար Միքայելյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ սպանվածների հարազատները ներկայումս իրենց անպաշտպան են զգում. «Այն առումով, որ այդ ամեն հարցը փորձում են լուծել այլ մակարդակով, սակայն իրավաբանություն, օրենք, իրավունք, տվյալ դեպքում չի գործում: Ես որպես իրավաբան, հայ կին և մայր, մտածում եմ, որ հարկավոր էր մեծացնել այս հարցը, սա այն սովորական խնդիրը չէ, երբ մտել են պատահական որևէ մարդու տուն և սպանել անձանց, ովքեր որևէ բանում մեղավոր չեն եղել»,- նշեց փաստաբանը:

Նա չի ընդունում այն հանգամանքի շահարկումները, թե Պերմյակովը, հավանական է՝ հակաքրիստոնեկան խմբավորման անդամ է. «Թեկուզ թող նման խմբավորման անդամ լինի, բայց այդ մարդը հիմա ապրելու իրավունք չունի, նրան պետք է ամենադաժան պատիժը նշանել՝ մահապատժի, նույն տրամադրվածությունը գյումրեցիների մոտ կա, որովհետև դա կարող էր յուրաքանչյուր գյումրեցու հետ պատահել: Սակայն ներկայումս խոսում են այն մասին, թե իբր նա հոգեկան խնդիրներ է ունեցել, այսպիսով՝ փորձ է արվում նման կերպ բոլոր հարցերը լուծել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունն ընթանում է ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում, հերթական նիստը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 18-ին:

Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները բարձրաձայնեցին դատական նիստերի դահլիճի վատ պայմանների մասին:

Տուժողի իրավահաջորդներից մեկի իրավունքների պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը, վերլուծելով այս և այլ հանգամանքները, շեշտում է, որ չգրված կանոններ են սահմանված, որոնցից դուրս դատարանը որևէ գործողություն չէր իրականացնում. «Նույն այդ ռուս զինծառայողների ներկայությունը նիստերի դահլիճում՝ հենց Պերմյակովի կողքը, նույն պայմանների ապահովումը, ինձ համար զարմանալի է՝ դատակոչի ցուցակով քրեական գործը գտնվում է դատարանի մոտ, դատավորը տեսնում է, որ կան 5 տուժողի իրավահաջորդներ և ներկայացուցիչներ նման քանակությամբ, դատական նիստերի դահլիճ է մտնում, դրված է 2 սեղան ու չորս աթոռ, չի՞ հետաքրքրում՝ եթե մնացածը գան՝ ինչպե՞ս են աշխատելու: Սա զուտ տեխնիկական պայմանները, բացի այդ միջնորդություններ էին ներկայացվում, ընդմիջում էր վերցնում մի քանի րոպե և նոր միայն մերժման որոշում էր կայացնում, կաշկանդվածության մթնոլորտ էր տիրում»,- շեշտեց փաստաբանը:

Նրա խոսքերով կատարված հանցագործությունը բացառիկ էր յուրաքանչյուր տեսանկյունից:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել