2015-ի ո՞ր վճիռներն է ափսոսանքով ընդունել փաստաբանը

Իրավաբան.net-ի ամփոփիչ հարցերին պատասխանում է փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:

Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:

-Միանշանակ, ամենամեծ իրադարձությունը մեր երկրի  իրավական ոլորտի համար սահմանադրական բարեփոխումներն էին: Որպես իրավաբան, դատելով այն գաղափարներից և ձևակերպումներից, որոնք տեղ են գտել բարեփոխված սահմանադրությունում, ես դրա առկայությունն ավելի շատ ձեռքբերում եմ համարում՝ չնայած որ այդ փոփոխությունների ազդեցությունը զգալու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:  Իսկ բացթողումներ կան ու միշտ էլ լինելու են: Մեծ հաշվով, ցանկացած բան, որ չես հասցրել անել անցնող տարում, բացթողում է: Այնպես որ, որևէ մեկն առանձնացնելն իմաստ չունի: 

Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:

-Եթե հարցի ենթատեքստը սահմանադրական բարեփոխումներում դատական համակարգի կազմակերպման կարգում կատարված փոփոխություններն են, ապա դրանք, կարծում եմ, ոչ թե հարվածեցին, այլ, հակառակը՝ նպաստեցին արդարադատության համակարգի կայացմանը, քանի որ առանձին վերցված յուրաքանչյուր դատավորի օժտեցին ավելի մեծ անկախությամբ, քան նա ուներ մինչ սահմանադրական բարեփոխումների ընդունումը, ինչն էլ, բնականաբար, չի կարող չնպաստել արդարադատության համակարգի ուժեղացմանը:

Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:

-Միանգամից երկուսը կառանձնացնեի. Մեկը  «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործն էր, մյուսը՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործն էր: Երկու գործերով կայացված վճիռներն էլ մեծ ափսոսանքով ընդունեցի, սակայն ավելի շատ զարմացրեց  «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով եվրոպական դատարանի դատողութունները, այն զուգահեռները, որոնք անցկացվեցին Հոլոքոստի ժխտման և Մեծ եղեռնի ժխտման իրավական բնույթի և հետևանքների միջև:

Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:

-Որևէ մեկին չէի առանձնացնի: Ավելի շուտ կառանձնացնեի ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով օժտված իրավաբանի հավաքական կերպարը, որն, ինչպես ես եմ զգացել, ավելի ու ավելի է աչքի ընկնում:

Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու՞:

-Ինձ համար դեռևս չգերազանցվածը դա մեր երկրի տնտեսվարողներից մեկի՝ մեկ այլ տնտեսվարողի ապրանքային նշանն առանց վերջինիս թույլտվության օգտագործելը հանրահայտ փաստ ճանաչելու մասին դատական ակտն էր:

Դուք, Ձեր բալիկներն ի՞նչ են խնդրել Ձմեռ Պապիկից:

-Խնդրել ենք առողջություն մեր ընտանիքի և մեր հարազատների համար:

Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:

-Ամանորն, ինչպես միշտ, դիմավորել եմ ընտանիքիս հետ, և, անպայման, բարձր տրամադրությամբ:

-2016-ից ձեր ակնակալքիներն ու մաղթանքը:

Կցանկանայի այս տարի մեզ բոլորիս ավելի համախմբված տեսնել, մեր ձեռքբերումներով  հպարտանալու ավելի շատ առիթներ ունենալ, իսկ  իմ գործընկեր փաստաբաններին՝ ավելի հաճախ ապրել ազնիվ հաղթանակի բերկրանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել