Արդեն որերորդ դեպքն է, որ Արմաշ գյուղում խմելու «Գառնի» կոչված ջուրը տալիս են նախ 2-3 օրը մեկ` այն էլ գիշերային ժամերին, մասնավորապես ժամը 00:00-ից հետո մինչև 04:00-ն: Գյուղի բնակիչները Իրավաբան.net-ի հանրային թղթակցին փոխանցեցին, որ իրենք հստակ չգիտեն, թե ո՞ր օրն է ջուր լինելու, որպեսզի անքուն մնան ու ջուր վերցնեն:
Այնինչ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն` իր պաշտոնական կայքէջում նման կերպ է ողջունում քաղաքացիներին. «Հարգելի բարեկամ, ջուրը պարգև է մարդկությանը՝ ապրելու և հանրային առողջությունը պահպանելու համար: Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որ ունի ջրային մեծ ռեսուրսներ և որ ամենակարևորն է՝ աղբյուրի մաքուր ջուր: Հայաստանի բարձաբերձ լեռներից սառնորակ ջուրը հասանելի է դառնում այն ջրամատակարարման շնորհիվ, որն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը»:
Նույն կայքում տեղադրված գյուղերի ջրամատակարարման ցուցակում անհասկանալի պատճառով Արմաշ գյուղի անունը չկա ու գյուղերի հերթականությունը 67-ից անցնում է միանգամից 70-ի, հենց այդ միջանկյալում էլ պետք է լիներ Արմաշ գյուղի տվյալները: