Ամբաստանյալի պաշտպանն էի, բայց դատարանից ծանուցագիր էին ուղարկում «ամբաստանյալ Միհրան Պողոսյանին» վերտառությամբ

Հարցազրույց փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:

Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:

2015թ.-ի կարևորագույն իրավական իրադարձությունը Սահմանադրության փոփոխությունների, իսկ ըստ իս` նոր Սահմանադրության ընդունումն էր։ Հայաստանի Հանրապետությունը այլևս ընտրել է կառավարման համակարգի պառլամենտական մոդելը, որը քաղաքակրթական առումով լրիվ նոր է Հայաստանի Հանրապետության համար։ Թեև կարծում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումը այժմեական հարց չէր Հայաստանի համար, սակայն ընտրությունն արդեն կատարված է և հաշվի առնելով, թե ինչպիսի մթնոլորտում կայացվեց որոշումը և իրականացվեց տվյալ փոփոխությունը, հույս ունեմ, որ պատկան մարմինները գիտակցում են, թե ինչ պատասխանատվության բեռ է դրված իրենց ուսերին և հետագա սերունդները կունենան այնպիսի Հայաստան, որի մասին կարելի է միայն պարծանքով խոսել։

Արդյոք մեր երկում դրական տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:

Եթե հաշվի առնենք լրատվական դաշտում մեկ–մեկ հանդիպող հրապարակումները, ապա որոշակի դրական տեղաշարժ քրեական արդարադատության ոլորտում մերթ ընդ մերթ արձանագրվում է, սակայն դատ զուտ եզակի դեպքեր են, որոնք թույլ չեն տալիս ասել, որ իրականացվող քրեական արդարադատությունը դրական տեղաշարժ է ապրել։ Ընդ որում` տվյալ հաղորդագրությունները հիմնականում խոսում են նույն դատավորների կամ դատավորների կազմի վերաբերյալ, որոնք իրական արդարադատություն են իրականացրել։ Տվյալ եզակի հաղորդագրությունների հետ մեկտեղ բազմաթիվ են անտեղի իրականացվող քրեական հետապնդման դեպքերը, անարդար և անհիմն դատական ակտերը` մասնավորապես կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական ակտերը։ Մոտեցումների առումով կարծում եմ 2015թ.–ը քրեական արդարադատության իրականացման առումով մեծ հաշվով առաջընթաց չի ապրել։

Կոռուպցիոն իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:

Ես չեմ կարող ասել թե կոռուպցիան աճել թե նվազել է իրավական ոլորտում, քանի որ ինքս ներգրավված չեմ կոռուպցիոն արդարադատության ոլորտում, սակայն իրավական ոլորտում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, ըստ իս, հասարակության մեջ շարունակում է կայուն բարձ մնալ։ Բազմաթիվ էին հրապարակումները դատավորների կարողությունների մասին, ստացած թանկարժեք նվերների մասին, որոնք ավելանում էին պաշտոնավարման տարիներին, սակայն այդ հրապարակումները չարժանացան պատգամ մարմինների ուշադրությանը։ Այս ամենը նպաստում է կոռուպցիայի ընկալման բարձր ցուցանիշի ամրապնդմանը։

Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:

Որպես ՀՀ քաղաքացի դժգոհ եմ` ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության աշխատանքից, քանի որ գործադիր իշխանությունների գործունեության մեջ չեմ տեսնում երկարաժամկետ տեսլական, խնդիրները որոնք առկա էին 10 տարի առաջ, առկա են նաև այսօր։ Օրենսդիր իշխանությունից բացառությամբ մի քանի պատգամավորից ևս դժգոհ եմ, քանի որ օրենսդրական նախաձեռնությունները, օրենքի նախագծերը իրական քննարկման չեն դրվում, իսկ իշխող կուսակցությունը, ունենալով մեծամասնություն, հավանություն է տալիս Կառավարության գրեթե յուրաքանչյուր նախագծին։ Չկա իրական զսպումների և հակակշիռների մեխանիզմ։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

Նախ և առաջ հոսում եմ, որ 2016թ–ը կլինի խաղաղության տարի և այդ խաղաղությանը հասնելու համար պետք չէ հույսը դնել այլ երկրների վրա, այլ պետք է քրտնաջան աշխատանքով կառուցել ուժեղ Հայաստան, որպեսզի ինքնուրույն լուծենք մեր առջև ծառացած խնդիրները։

Ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:

Ինչպես և ամեն տարի այս տարի ևս տեղի ունեցան մի շարք աղմկահարույց դեպքեր, սակայն մարդկային տեսանկյունից կառանձնացնեի թոռան կողմից տատու սպանության գործը, որը ինձ համար ոչ թե սկանդալային էր այլ զարհուրելի դեպք էր, բացի այդ, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը:

Ի՞նչ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպքեր եք հիշում Ձեր պրակտիկայից:

Նախորդ տարի հանդիսանում էի մի քրեական գործով ամբաստանյալի պաշտպան, սակայն դատական ծանուցագրերը ինձ հասցեագրվում էին «ամբաստանյալ Միհրան Պողոսյանին» վերտառությամբ, ընդ որում պաշտպանյալս մեղադրվում էր առանձնակի դաժանությամբ սպանության փորձ կատարելու և շանտաժի միջոցով սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Պետք է նշեմ, որ առաջին ատյանի դատարանը 2 հովածով էլ արդարացրեց պաշտպանյալիս և այդ ծանուցագրերը, ինձ մնացին որպես հուշ տվյալ գործից։

Ինչպե՞ս եք նշում Ամանորը:

Ամանորը ինձ համար սկսվում է մի քիչ ավելի վաղ, քանի որ ամեն տարի 29.12–ին նշում եմ ծննդյանս տարեդարձը, որից հետո ինչպես հայտնի ֆիլմում 31.12թ–ին ցերեկային ժամերին ընկերներով ճանապարհում ենք հին տարին, սակայն դեռևս հասցեի շփոթմունք տեղի չի ունեցել, բոլորս ապահով հասնում ենք տուն ։–Ճ։  Ամանորը դիմավորում եմ ընտանիքում` հայրիկիս և մայրիկիս հետ, քույրս այս տարի լքեց մեզ կազմելով սեփական ընտանիքը։ 2016թ–ը ևս դիմավորել եմ ընտանիքում, իսկ այնուհետև անցկացրել եմ սիրելիիս և ընկերներիս հետ։

Ի՞նչ հետաքրքիր հուշ կպատմեք Ամանորից:

Չեմ մոռանա, մոտ չորս տարի առաջվա Ամանորը, քանի որ այդ օրը ինձ էր վստահված ամենապատասխանատու գործը` եղբորս բավականին մեծ երեխաների համար իրական Ձմեռ պապ էի հանդիսանում։ Դա իմ առաջին փորձը չէր, քանի որ ուսանողական տարիներին նախկին դասվարիս խնդրանքով 1–ին դասարանցիների համար հանդիսացել էի Ձմեռ պապ, իսկ այդտեղից էլ այլ «հրավեր» էի ստացել հատուկ դպրոցի սաների համար, սակայն ինձ ճանաչող երեխաների մոտ առաջին անգամ էի Ձմեռ պապի դերում։ Կարծում եմ փորձս հաջող էր, քանի որ միայն այս տարի են երեխաները հասկացել, որ Ձմեռ պապը ես էի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել