Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Արմեն Ֆերոյանը:
–Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:
-2015 թվականն իրավական ոլորտում կատարված փոփոխություններով համարվում է առանձնահատուկ, ինչու չէ, նաև պատմական տարի՝ պայմանավորված Սահմանադրության ընդունմամբ: Ձեռնպահ եմ մնում նոր Սահմանադրությանը որպես ձեռքբերում կամ բացթողում գնահատելուց:
Կցանկանայի որպես ձեռքբերում հատուկ ընդգծել պրոբացիայի ծառայության ներդրմանն ուղղված գործուն քայլերի իրականացումը: Պրոբացիայի ծառայությունը կարծում եմ նոր թափ կհաղորդի մեր իրավական համակարգին՝ լուծելով քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման, ինչպես նաև քրեական պատժի ենթարկված անձի իսկապես ուղղման կարևորագույն խնդրները:
Կարծում եմ, ամենևին էլ գաղտնիք չէ, որ ներկայումս քրեակատարողական հիմնարկները բազմաբնույթ հանգամանքներով, այդ թվում նաև գերբնակեցմամբ պայմանավորված, ըստ էության, չեն կարողանում իրականացնել դատապարտյալի ուղղման և հասարակություն վերադարձման իրենց կարևորագույն գործառույթը, հետևաբար, առկա իրավիճակում անձին քրեակատարողական հիմնարկում ներփակելը ոչ թե նպաստում է վերջինիս ուղղմանը, այլև առավելապես նպաստում է վերջիններիս ընտանիքների շարունակական աղքատացմանն ու քայքայմանը: Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը ֆինանսական տեսանկյունից ոչ միայն մեծ բեռ է պետության, այլև հենց իր ընտանիքի համար: Պրոբացիայի ծառայությունն ի վերջո կյանքի կոչելու և մեծամասշտաբ համաներում հայտարարելու հետևանքով կարծում եմ հնարավոր կլինի մեկնընդմիշտ անցյալում թողնել այդ բացասական երևույթները և խոսել ոչ թե դատապարտյալների ընտանիքների քայքայման և պետական միջոցների անարդյունավետ ծախսման, այլ ի նպաստ իրենց ընտանիքների և պետության արդյունավետ գործունեության մասին:
–Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:
-Դժվարանում եմ պատասխանել:
–Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:
-Որպես ամենաազդեցիկ դատական գործ, կարծում եմ, դատական համակարգի հետ կապված քրեական գործն էր (նկատի ունի Դատական դեպարտամենտի աշխատակիցների դեմ հարուցված գործը, որի դատավարությունն ավարտվեք վերաքննիչ քրեական դատարանում):
–Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:
-Ինչպես այս տարի, այնպես էլ մշտապես իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով իր բարձրության վրա է գտնվում Վազգեն Ռշտունին, ում թեկուզ կարճատև բացակայությունը դատական համակարգից մեծ ափսոսանք առաջացրեց գրեթե բոլոր փաստաբանների, ինչու չէ նաև հենց դատական համակարգի աշխատակիցների շրջանում: Փաոք Աստծո, որ այդ բացակայությունը հնարավորինս կարճ տևեց: Թերևս իմ իմացած դատավորներից այդ բարձր հատկանիշներն ունեն նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, Արմավիրի մարզի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը, Կոտայքի մարզի դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը:
–Այս տարվա ընթացքում ի՞նչ աբսուրդային փաստաթղթերի եք հանդիպել և ի՞նչ զավեշտալի դեպքեր են պատահել աշխատանքի ընթացքում:
-Որպես աբսուրդային փաստաթղթեր և զավեշտալի դեպքեր շարունակում են մնալ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ կայացված դատական ակտերի գրեթե 99 տոկոսը: Տարբեր քրեական գործերով նույն դատավորի կողմից կայացված դատական ակտերը, եթե փորձենք համեմատել միմյանց հետ, ապա միանգամից կնկատենք, որ դրանք հիմնավորումների և պատճառաբանումների մասով ընդհանրապես չեն տարբերվում միմյանցից, ինչն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդհանրապես քննարկման առարկա չի դարձվում ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության հանգամանքները՝ ներկայացված ապացույցների շրջանակում:
Այդ աբսուրդային և զավեշտալի դատական ակտերի շարքից թերևս ամենազավեշտալին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանի կողմից կայացված դատական ակտն էր, որով անձի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ բառացիորեն առանց որևէ այլ ապացույցների: Եվ այդ որոշման համար հիմք էր եղել ընդամենը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն հարուցելու քննիչի որոշումը, մինչդեռ, ըստ առաջադեմ իրավագիտակցության և վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության հանգամանքը հնարավոր է փաստել միայն կոնկրետ ապացույցներով, որպեսզի բացառվի քմահաճությամբ կամ առանց խիստ անհրաժեշտությամբ անձին կալանավորելու դեպքերը:
–Ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից:
-Ձմեռ Պապիկից խնդրել եմ խաղաղություն և բարօրություն մեր երկրին, ինչպես նաև վատ քնելու հետևանքով աշխատանքից ուշանալու հնարավորություն, այսինքն՝ առողջ բալիկ:
–Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:
-Ամանորը դիմավորում եմ ընտանիքիս հետ միասին՝ հյուրեր ընդունելով և հյուրընկալվելով, ինչպես նաև շնորհավորական ջերմ մաղթանքներ տարածելով:
-2016-ից ձեր ակնակալքիներն ու մաղթանքը:
Ակնկալում և մաղթում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության, ձեռքբերումների երջանկության և առողջության տարի, իսկ դատական համակարգին անկախության ամրապնդում, վերոհիշյալ լավագույն դատավորների պես դատավորներով համալրում և շարունակական զարգացում: